Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Եւրոպական միութեան Արտաքին քաղաքականութեան յանձնակատար Ֆեդերիքա Մոկերինիի եւ եւրոպական դրացնութեան քաղաքականութեան հարցերով յանձնակատար Եոհանէս Հանի միացեալ յայտարարութեան մէջ նշուել է, որ Թուրքիայում լրագրողների ձերբակալութիւնները «հակասում են եւրոպական արժէքներին եւ չափորոշիչներն, որոնց փափագում է մաս դառնալ Թուրքիան»:

«Մենք յիշեցնում ենք, որ որեւէ երկիր իբրեւ թեկնածու ճանաչելու որեւէ յետագայ քայլ պայմանաւորուած է օրէնքի եւ հիմնարար իրաւունքների լիակատար պահպանումով»,- ասուած է յայտարարութեան մէջ:

Նշուում է, որ խօսքի ազատութիւնն ու դատարանների անկախութիւնը առողջ ժողովրդավարութեան հիմնական տարրերն են եւ դա ապահովուում է Թուրքիայի սահմանադրութեամբ:

Եւրոպական միութեան ներկայացուցիչները յոյս են յայտնել, որ արդար քննութիւն տեղի կունենայ:

Ձերբակալութիւններին անդրադարձել է նաեւ Միացեալ նահանգների Արտաքին գործոց նախարարութեան բանբեր Ջեն Փսաքին:

«Իբրեւ Թուրքիայի բարեկամ եւ դաշնակից, մենք իշխանութիւններին կոչ ենք ուղղում երաշխաւորելու, որ իրենց գործողութիւնները չեն խախտելու ժողովրդավարութեան հիմքերը»,- ասել է Փսաքին:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն, մեկնաբանելով երկրում լրագրողների եւ ոստիկանութեան սպաների վերջին ձերբակալութիւնները, յայտարարել է, որ որոշ քայլեր են ձեռնարկուել` «պետութեան մէջ պետութիւն ստեղծելու քայլերի» դէմ:

«Այն անձերի գործողութիւնները, որոնք թափանցել են կառավարութիւն եւ գաղտնալսել նախագահի ու վարչապետի անձնական զրոյցները, անպատասխան չեն մնալու: Մեր պարտքն է պաշտպանել այն, ինչ որ մեզ տրուել է ժողովրդի կամքով»,- ասել է Դաւութօղլուն:

«Դողան» լրատու գործակալութիւնը երէկ հաղորդեց, որ Թուրքիայի Ներքին գործոց նախարար Էֆքան Ալանը մեկնաբանելով ձերբակալութիւնների հարցը, նշել է, որ այդ ձեւով երկրում պետական յեղաշրջման մի փորձ է կանխարգելուել:

Ըստ նրա, կասկածեալները յեղաշրջման ծրագիրը մշակել են 2002-ից ի վեր, իսկ ծրագիրը գաղտնազերծուել է միայն Թուրքիայի իշխանութիւնների ճիշդ կողմնորոշման իբրեւ արդիւնք: