Աղբիւր՝ www.alikonline.ir
Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դէմ գործող» միութեան ղեկավար Գեօքսէլ Գիւլբէյը յայտարարել է, թէ պահանջում են, որ Թուրքիայում հայերին պատկանող հիմնադրամներում, եկեղեցիներում ու դպրոցներում դրամական ելքերն ու մուտքերն ուսումնասիրւեն:
Ինչպէս տեղեկացնում է «Միլլիէթ» թերթի կայքը, նա յայտարարել է, թէ այդ կերպ հսկողութեան տակ կը պահեն Թուրքիայում բնակւող հայերին՝ թոյլ չտալով խմբաւորումներ ստեղծել:
«Այսպէս կոչւած Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական լաբբին ու Հայաստանը քայլեր են ձեռնարկում, իսկ Թուրքիայում հայկական հիմնադրամները բազմաթիւ անշարժ գոյքեր ունեն, ինչից մեծ եկամուտներ են ստանում»,- ասել է նա՝ յայտարարելով, թէ տպագրւող հայկական թերթերը եւս Թուրքիայի հայ քաղաքացիների շրջանում ստիպողաբար բաժանորդագրութիւն են իրականացնում եւ մեծ եկամուտներ ունենում:
Նա պնդել է, որ «հայ համայնքի այդ եկամուտները գրգռում են հայկական լաբբիի ախորժակը» եւ Թուրքիային մատնում դժւար կացութեան: