Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ղարաբաղեան հակամարտութիւնն ուժային լուծում չի կարող ունենալ: Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւններից յետոյ այս մասին լրագրողներին յայտարարել է Ի.Ի.Հ.-ի նախագահ Հասան Ռուհանին: Հաղորդում է Ինտերֆաքսը:

«Ղարաբաղեան հիմնախնդրի այժմեան իրադրութիւնը Իրանը ճիշտ չի համարում եւ մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղութիւն, արդարութիւն, բարեկամութիւն, կայունութիւն տիրի: Իրանը պատրաստ է իր կողմից ցանկացած քայլ ձեռնարկել՝ խաղաղութեան, բարեկամութեան, անվտանգութեան եւ կայունութեան հաստատման համար: Մենք դա մեր պարտքն ենք համարում ցանկացած տեսքով եւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակում»,- ասել է նախագահ Ռուհանին:

«Այս հակամարտութիւնը չի կարող լուծւել ուժային ճանապարհով»,- ընդգծել է Ի.Ի.Հ.-ի նախագահը եւ աւելացրել. «Ղարաբաղեան հիմնահարցը միայն քաղաքական լուծում ունի, այն չի կարող լուծւել ռազմական ճանապարհով եւ մեր պարտքն ենք համարում այդ ուղղութեամբ ցանկացած օգնութիւն ցուցաբերել ու պատրաստ ենք դրան»: