Աղբիւր՝ www.yerakouyn.com
Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսը նոյեմբերի 6-ին աւարտել է աշխատանքը: Ցուցահանդէսին մասնակցել է նաեւ Լ.Ղ.Հ.-ի պատուիրակութիւնը, որ կատարել է լայնածաւալ քարոզչութիւն` Արցախի զբօսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական զբօսաշրջութեան շուկային: Բացի տեղեկատւական նիւթեր տարածելուց, պատւիրակութիւնը կազմակերպել է գինիի համտես, ինչպէս նաեւ աւանդական ուտեստների հիւրասիրութիւն` բազմապատկելով Արցախի տաղաւարի այցելուների թիւը: Ըստ «Արմէնփրես»-ի, Լ.Ղ.Հ.-ի կառավարութեան աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այս անգամ եւս ադրբեջանական կողմը զերծ չի մնացել իր համար աւանդական դարձած սադրանքներից: Ցուցահանդէսի աշխատանքների երկրորդ եւ վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրօշակներով շրջապատել են Արցախի տաղաւարը եւ փորձել են խափանել պատւիրակութեան աշխատանքները` փակելով մուտքը դէպի Լ.Ղ.Հ.-ի տաղաւար:
«Ցուցարարների» մէջ եղել են նաեւ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: Լ.Ղ.Հ.-ի եւ Հ.Հ.-ի պատւիրակութիւնների ջանքերի շնորհիւ հնարաւոր է եղել կասեցնել սադրանքը. կարճ ժամանակ յետոյ անվտանգութեան աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:
Ըստ Լ.Ղ.Հ.-ի կառավարութեան առընթեր զբօսաշրջութեան եւ պատմական միջավայրի պահպանութեան վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանի, որ այդ օրերին ղեկավարում էր Արցախի պատւիրակութիւնը Լոնդոնի ցուցահանդէսին` վերջին շրջանին միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսներում ադրբեջանցիների նման սանձազերծ պահւածքը պայմանաւորւած է գլխաւորապէս Մ.Ա.Կ.-ի Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան մէջ Ադրբեջանի կողմից նախաձեռնւած հակահայկական բանաձեւի ձախողումով:
«Խօսքը վերաբերում է 2014-ի հոկտեմբերին Սամարղանտում կայացած նշեալ կառոյցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից նախաձեռնւած «օկուպացւած տարածքներում զբօսաշրջութեան քարոզչութիւնը կանխելու մասին» բանաձեւին: Նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկւած վերոյիշեալ բանաձեւը չի ընդունւել ոչ մի երկրի կողմից: Իսկ ադրբեջանական ցոյցերը նպատակ են հետապնդում ֆիզիկապէս անհնար դարձնել Լ.Ղ.Հ.-ի մասնակցութիւնը միջազգային խոշոր ցուցահանդէսներին, սակայն ապարդիւն»,- նշել է Սերգէյ Շահվերդեանը:
«World Travel Market» միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսը համարւում է մեծագոյն զբօսաշրջական իրադարձութիւն, որի ժամանակ հազարաւոր ընկերութիւններ եւ աշխարհի գրեթէ բոլոր երկրները ներկայացնում են զբօսաշրջութեան ոլորտում իրենց ներուժն ու ձեռք բերած յաջողութիւնները: