Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գերմանական Ֆրեդրիշաֆեն քաղաքի ուսումնարանի դասագրքում յայտնւած ծաղրանկարը դիւանագիտական սկանդալի պատճառ է դառնում Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Ենի Շաֆաք» գործակալութիւնը, գերմանական դասագրքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ թուրքական համայնքին վիրաւորող ծաղրանկարի համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը կանչել է երկրում Գերմանիայի դեսպան Էբերհարդ Փոլին եւ բացատրութիւն է նրանից պահանջել:

Արտաքին քաղաքական գերատեսչութիւնում յայտնել են, որ անընդունելի են համարում նման ծաղրանկարի առկայութիւնը հասարակագիտութեան դասագրքերում եւ այն համարում են խիստ վիրաւորական Թուրքիայի նախագահի եւ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ: Ա.Գ.Ն.-ից նշել են, որ ծաղրանկարի առկայութիւնը խօսում է գերմանական պետութիւնում խտրականութեան աճի մասին:

«Ժողովրդավարութեան անւան տակ իրականացւող մարդու իրաւունքների խախտումները, հասարակութեան մէջ օտարի հանդէպ ատելութեան սերմանումը եւ զգացնել տւող իսլամաֆոբիան ժողովրդավարութեան որեւէ աղերս իրենց մէջ չեն պարունակում»,- յայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնից: Թուրքիայի Ա.Գ.Ն.-ի այս բողոքը փոխանցւել է Անկարայում Գերմանիայի դեսպանին:

Երկու երկրի միջեւ դիւանագիտական սկանդալի պատճառ դարձած ծաղրանկարն առաջին անգամ տպագրւել է 2011 թւականին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում: Այնուհետեւ այն արտատպւել էր Գերմանիայի Բադեն-Վիւրտենբերջ վարչական շրջանի հասարակագիտութեան դասագրքերում: Գերմանական հասարակութեանը թուրքերի ինտէգրման 50 տարւան նւիրւած ծաղրանկարում պատկերւած էր շուն, որն ունէր Էրդողան անունը: