Աղբիւր՝ www.tert.am
Թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը, Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Թուրքիայի կառավարութեան կողմից հայկական դպրոցներին յատկացւած մեծ գումարին, ասաց, որ այստեղ կոնկրետ հայերի նկատմամբ ընդգծւած բարեացակամ քաղաքականութիւն չկայ:
Նշենք, որ Թուրքիայի կառավարութիւնը երկրում ապրող ազգային փոքրամասնութիւնների դպրոցներին 9 միլիոն 500 հազար թուրքական լիրա է յատկացրել, այդ օժանդակութեան 7 միլիոն 843 հազար թուրքական լիրան յատկացւել է հայկական դպրոցներին:
«Այստեղ ո´չ թէ ընդգծւած դրական վերաբերմունք է հայերի նկատմամբ, այլ ուղղակի հայկական համայնքն իր թւային ներկայութեան շնորհիւ ստացել է այդ գումարի մեծ մասը»,- ասաց Ռուբէն Մելքոնեանը:
Նրա խօսքով՝ նախեւառաջ՝ պէտք է նկատել, որ Եւրամիութեանն անդամակցութեան գործընթացում Թուրքիային պարտադրւել են որոշակի դրոյթներ, եւ այդ դրոյթներից մէկն էլ հենց փոքրամասնութիւնների հետ է կապւած, մասնաւորապէս՝ փոքրամասնութիւնների կրթական իրաւունքների, դպրոցների, կրօնական հաստատութիւնների հարցը:
«Այս քայլը ո´չ թէ Թուրքիայի բարի կամքի դրսեւորումն է, այլ մի կողմից՝ իր ստանձնած պարտաւորութիւնների մասը, երկրորդն էլ՝ Եւրոպայի կամ քաղաքակիրթ հանրութեան աչքին աւելի հանդուրժող երեւալու ձգտումն է»,- նշեց Ռուբէն Մելքոնեանը՝ աւելացնելով նաեւ, որ սա առաջին անգամը չէ, որ արւում է, արդէն նախադէպեր կան՝ ֆինանսաւորում է յատկացւել դասագրքերի տպագրութեան եւ տարատեսակ այլ խնդիրների համար:
Թուրքագէտը կարծում է, որ Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի համատեքստում Թուրքիան իր այս քայլերն աւելի ներգովազդային արշաւի շրջանակներում է ներկայացնելու եւ անպայման փորձ է անելու դրանով ցոյց տալ, որ բաւական հանդուրժող է իր երկրի տարածքում ապրող փոքրամասնութիւնների, մասնաւորապէս՝ հայերի հետ կապւած:
Ինչ վերաբերում է գումարի բաշխւածութեանը, ապա Ռուբէն Մելքոնեանը կարծում է, որ այստեղ էլ որեւէ զարմանալու բան չկայ, քանի որ պետութեան կողմից ընդունւած փոքրամասնութիւններն երեքն են՝ հայերը, յոյները, հրեաները:
«Հայկական համայնքը կազմում է մօտ 60,000 մարդ, հրէական համայնքը՝ մօտ 15,000 մարդ, յունական համայնքը՝ 1,500 մարդ: Բնական է, որ ըստ թւերի համադրութեան՝ պէտք է նման կերպ լինի գումարի բաժանումը: Հայկական դպրոցների թիւը մօտ 16 է, իսկ յունական նորմալ գործող դպրոցների թիւը՝ 3»,-եզրափակեց թուրքագէտը: