Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիան իր երկրի ներսում է զգում հարեւան Սիրիայի սահմանային շրջաններում տիրող լարւածութեան հետեւանքը: Սիրիայի Քոբանի քաղաքում իսլամիստ ծայրահեղականների առաջխաղացմանը չխոչընդոտելու՝ Թուրքիայի քաղաքականութեան դէմ բողոքի ակցիաներ են անցկացւել Անկարայում, Անթալիայում, Դիարբեքիրում, Մուշում, Էրզրումում, Բաթմանում, Բուրսայում եւ այլ քաղաքներում:
Բախումների եւ անկարգութիւնների կենտրոնում է յայտնւել յատկապէս Դիարբեքիրը՝ Թուրքիայի քրդերի ոչ-պաշտօնական մայրաքաղաքը: Վանում ցուցարարներն հրկիզել են Աթաթուրքի արձանը։ Ընդհարում է գրանցւել քրդական երկու տարբեր կազմակերպութիւնների կողմնակիցների միջեւ՝ «Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան» եւ իշխանութիւնների հովանաւորութիւնը վայելող, տասնամեակներ շարունակ քրդական ազատագրական պայքարի մարտիկների դէմ յարձակումներ գործած «Հըզբոլլահ»ի միջեւ։ Քուրդ ցուցարարների դէմ գործողութիւններին մասնակցելու համար փողոց են դուրս եկել նաեւ թուրք ազգայնական «Գորշ գայլեր»-ի ստորաբաժանումները։
Հաղորդւում է Թուրքիայի տարբեր բնակավայրերում նման բախումների ժամանակ զոհւած 18 մարդու մասին: Երկրի 8 նահանգներում պարետային ժամ է յայտարարւել, օրւայ որոշակի ժամերին արգելւել է դուրս գալ փողոց։ Թուրքիայում, ի դէպ, ծայրահեղ իսլամիստների հանդէպ դրական վերաբերմունքի նշաններ էլ կան: Համացանցում տարածւել է մի տեսանիւթ, որում յստակ երեւում է, թէ ինչպես է ցուցարարներին ցրող ոստիկաններից մէկը վանկարկում՝ «Կեցցէ՛ Ի.Շ.Ի.Դ.-ը», այսինքն՝ «Իսլամական պետութիւն» կազմակերպութիւնը։
Թուրքիայում բարձրացած բողոքի պատճառն այն է, որ թէեւ խորհրդարանը երկրի կառավարութեանը լիազօրել է իսլամիստների դէմ միջազգային կոալիցիային աջակցելու համար զօրք մտցնել հարեւան Իրաք եւ Սիրիա, սակայն Անկարան որեւէ քայլ դեռ չի ձեռնարկել այս առնչութեամբ: Աւելին, Թուրքիան չի բացում սահմանն իր երկրի քրդերի առջեւ, որոնք ցանկանում են օգնութեան ձեռք մեկնել հիմնականում քրդերով բնակեցւած Քոբանիին:
Մինչդեռ, Մ.Ա.Կ.-ում Սիրիայի ներկայացուցիչը միջազգային հանրութեանը կոչ է արել գործել հենց հիմա՝ կանխելու կարեւոր նշանակութիւն ունեցող քաղաքի զաւթումն իսլամիստների կողմից:
Երեքշաբթի սկսւեց Միացեալ նահանգների գլխաւորած կոալիցիայի օդային գրոհը՝ Քոբանիում դիրքեր գրաւած իսլամիստների դէմ: Սիրիայի քուրդ զինեալները B.B.C-ին տւած հարցազրոյցներում ասել են, որ դրանք մինչ օրս հասցրած ամենաարդիւնաւէտ օդային հարւածներն էին, բայց աւելի վաղ պիտի արւէին: Այդուամենայնիւ, «Իսլամական պետութիւն» խմբաւորման կամ պարզապէս ծայրահեղականութեան դէմ պայքարում դեռ աւելի շատ խօսվում է ջիհադիստներին ցուցաբերած Թուրքիայի օգնութեան մասին: Այդ մասին տեղեկութիւնները լայն տարածում գտան յատկապէս այն գործարքից յետոյ, երբ իր 49 դիւանագէտներին գերութիւնից ազատելու դիմաց Թուրքիան 49 տանկ ու այլ զինամթերքներ տրամադրեց ծայրահեղականներին, իսկ ըստ որոշ հրապարակումների՝ նաեւ 180 իսլամիստի ազատ արձակեց:
Թուրքիայի «Թըդէյզ Զաման» պարբերականի յօդւածագիր Օրհան Քեմալ Չինգիզն այս առնչութեամբ թուրքական մի ասացւածք է յիշեցրել. «Կերակրիր ագռաւին եւ նա քո աչքերը կը հանի», ու նաեւ պարզաբանել, որ իրական կեանքում ագռաւը կարող է լինել ահաբեկիչը, ում հետ այս կամ այն պատճառով համագործակցում ես: