Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Մ.Ա.Կ.-ի Մարդկային իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատարի բանբեր Ռուփըրթ Քոլւիլը յայտարարել է, որ Մ.Ա.Կ.-ի Մարդկային իրաւունքների հարցերով գերագոյն յանձնակատարը դատապարտել է Դ.Ա.Հ.Ե.Շ.-ի կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը:

«Մեզ տեղեակ են պահել, որ Դ.Ա.Հ.Ե.Շ.-ը սեպտեմբերի կէսերին հայկական կարեւոր մի եկեղեցի ոչնչացրել է Սիրիայի Դեր Զոր քաղաքում: Մենք դատապարտում ենք եկեղեցու եւ այլ կրօնական հաստատութիւնների ոչնչացումը»,- ասւած է յայտարարութեան մէջ, որտեղ նաեւ նշւել է, որ դա բնորոշ է խմբաւորման գործունէութեանը, որի զինեալները հիւսիսային Իրաքում մզկիթներ, սրբավայրեր եւ եկեղեցիներ են պայթեցնում:

Ինչպէս նշւել է յայտարարութեան մէջ, Սիրիայում ինչպէս կառավարական ուժերի, այնպէս էլ հակակառավարական զինեալ խմբերի վարքը շարունակում է կրօնական եւ հնագիտական վայրերի ոչնչացման յանգեցնել: Նւել է, որ այս տարի աւելացել են հակակառավարական զինեալ խմբերի յարձակումները կրօնական հաստատութիւնների դէմ, ներառեալ` Սիրիայում գտնւող եկեղեցիների դէմ:

«Կրօնական հաստատութիւնները յատուկ պաշտպանութեան տակ են առնւել միջազգային մարդասիրական օրէնքով եւ պէտք է յարգւեն ու պաշտպանւեն բոլորի կողմից»,- ասւել է յայտարարութեան մէջ:

1991-ին կառուցւած այս եկեղեցի-յուշահամալիրում ամփոփւել էին Հայոց ցեղասպանութեան ընթացքում Դեր Զորի անապատներում զոհւած բազմաթիւ հայերի մասունքները, իսկ ցեղասպանութեան թանգարանում` Հայոց ցեղասպանութիւնը հաւաստող բազմաթիւ վաւերագրեր: