Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր խորհուրդը՝ ելնելով համապատասխան դատավճռից, որոշել է Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հիմնադրամին փոխանցել Ստամբուլի Զէյթինբուրնու թաղամասում գտնւող մարզադաշտի եւ յարակից կառոյցների հողատարածքը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 42 հազար քառակուսի մետր։
Վճիռը կայացւել էր եռամեայ երկարատեւ դատական քաշքշուկներից յետոյ միայն։ Այդ հողատարածքը դեռ 1869 թւականին գնել եւ հիւանդանոցին էր նւիրաբերել յայտնի մեծահարուստ Գիւլբենկեանը։ Սակայն, փոքրամասնութիւնների եւ յատկապէս հայերի նկատմամբ բռնաճնշումների տարիներին՝ 1964-ին, տարածքը պետականացւել էր։
Դրանք վերադարձնելու՝ Հիմնադրամի մի քանի փորձերն անյաջողութեամբ էին պսակւել։ 2000-ականներին, երբ Եւրամիութեան անդամակցութեան շուրջ բանակցութիւնների շրջանում Թուրքիան պարտաւորւած եղաւ փոխելու վաքըֆների՝ հիմնադրամների մասին օրէնքը, որից յետոյ էլ օրախնդիր դարձաւ դեռ 30-ականներից բազմաթիւ հիմնադրամներից, այդ թւում հայկական հաստատութիւններից խլւած գոյքը վերադարձնելու հարցը։ Մինչ այդ անարդար օրէնքով 1930-ականներից յետոյ որեւէ մէկը չէր կարող անշարժ գոյք կտակել փոքրամասնութիւնների հիմնադրամներին։ Կտակւածներն էլ պետականացւում էին, ինչպէս եղել էր այս դէպքում։
Զէյթինբուրնուի թաղապետարանը, որն ի դէպ ղեկավարում է ազգայնական կուսակցութեան ներկայացուցիչ, ընդդիմանում էր նման որոշման կայացման դէմ։ Սակայն Թուրքիայի հիմնադրամների գլխաւոր խորհուրդը ստիպւած վերադարձրել է այդ տարածքը, որը կը շահագործւի ամենանպաստաւոր կերպով՝ իբրեւ հանրային հաստատութիւնների համալիր։ Ողջ շահոյթն ուղղւելու է 1832 թւականից գործող հիւանդանոցի եւ հիմնադարմի կարիքներին:
Բժշկական այս հաստատութիւնը համարւում է Ստամբուլի լաւագոյն եւ որակեալ հաստատութիւններից մէկը, որից շատ հաճախ անվճար օգտւում են նաեւ պոլսահայերը։
Ի դէպ, վաքըֆների մասին օրէնքի փոփոխութիւնից յետոյ բազմաթիւ հայկական հաստատութիւններ փորձ են անում վերադարձնել բռնագրաււած կալւածքները։ Ամենախնդրահարոյցը մնում է իհարկէ Ստամբուլի ամենակենտրոնում՝ Թաքսիմ հրապարակից սկիզբ առնող եւ կիլոմետրեր ձգւող հայապատկան տարածքները, որը ներառում է նաեւ ներկայում աւերւած հայկական գերեզմանոցը։