Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վեհաժողովի նստաշրջանում երէկ աւելի ուշ ելոյթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Յատկանշական է, որ շուրջ 15 րոպէանոց ելոյթում, որում գլխաւորաբար նա կենտրոնացաւ մերձաւոր-արեւելեան ճգնաժամի, պաղեստինցիների իրաւունքների վրայ, որեւէ խօսք չասաց երկու ժամ առաջ Սերժ Սարգսեանի ելոյթում Թուրքիայի հասցէին հնչեցւած սուր ձեւակերպումներին։

Դժւար թէ ճառագիրների նրա թիմը ժամանակ չունենար որեւէ պատասխան պատրաստելու, սակայն ակնյայտ է, որ թուրքական կողմն ուղղակի լռեց։

Փոխարէնն Էրդողանը դիւանագիտական պատերազմ սանձազերծեց Եգիպտոսի հետ։ Իր ելոյթում Թուրքիայի նախագահը միջազգային հանրութեանը մեղադրեց Եգիպտոսում ռազմական յեղաշրջումն օրինականացնելու մէջ:

Այս յայտարարութիւնից յետոյ պաշտօնական Կահիրէն անցաւ դիւանագիտական դեմարշի։ Եգիպտոսի արտգործնախարարութեան մամուլի քարտուղարն ասաց, որ չեղեալ է յայտարարւում երկու պետութիւնների արտգործնախարարների նախատեսւած հանդիպումը Նիւ Եորքում։ Իսկ Էրդողանի յայտարարութիւնները նա գնահատեց «ստայոդ եւ յորինւած, որով նա անյարգալից վերաբերմունք է ցուցաբերել եգիպտոսցիների կամարտայայտութեան հանդէպ»:

«Թուրքիայի նախագահի խօսքում զարմանալի բան չկայ, յատկապէս եթէ հաշւի առնենք այն, որ նա ձգտում է քաոս սերմանել Մերձաւոր Արեւելքում՝ աջակցելով ահաբեկչական խմբաւորումներին ու նրանց ապաստան տրամադրելով: Էրդողանի նպատակը տարածաշրջանի ժողովուրդների շահերն իր անձնական հաւակնութիւններին եւ անցեալի պատրանքներին ծառայեցնելն է»,- ասաց եգիպտոսցի դիւանագէտը: