Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայում Ա.Մ.Ն.-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասսը, պատասխանելով Ա.Մ.Ն.-ի սենատոր Մարկ Քըրքի հարցապնդմանը` կապւած թուրքական պետութեան կողմից հայերի, յոյների եւ ասորիների կրօնական սեփականութիւնները վերադարձնելու հետ, ասել է, որ Թուրքիան 1936-2011 թւականների ընթացքում քրիստոնեաներին եւ հրեաներին պատկանող հազարաւոր սեփականութիւններ է բռնագրաւել:

Նա հաւաստիացրել է, որ որպէս դեսպանութիւն, աշխատանք կը տանի Թուրքիայի իշխանութիւնների հետ, որպէսզի կրկնւի այն յաջողութիւնը, որը տեղի ունեցաւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պարագայում: Ջոն Բասսը ազգային եւ կրօնական համայնքների իրաւունքների պաշտպանութիւնը Թուրքիայում, եկեղեցիների վերադարձն իրական տէրերին գնահատել է որպես «շատ կարեւոր առաջնահերթութիւն»։

Խօսելով 1915 թւականի իրադարձութիւնների մասին, դեսպանը հրաժարւել է կիրառել «Հայոց ցեղասպանութիւն» եզրոյթը: Թուրքիայում իր դեսպանութեան օրօք Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ կատարւելիք քայլերի ուղղութեամբ խօսելիս` Ջոն Բասսը, ընդունելով Օսմանեան կայսրութեան վերջին օրերին 1.5 միլիոն հայերի կոտորածի եւ մահւան երթի դուրս գալու փաստը, ակնյայտօրէն խուսափել է պատասխանել այն պարզ հարցին, թէ ովքեր են մեղաւոր այդ սպանութիւնների կազմակերպման համար: Ամէն դէպքում, իր պատասխաններում դեսպան Բասսը խուսափել է Հայոց ցեղասպանութիւն բնորոշումից՝ ասելով, որ «այդ ողբերգութիւնը բնորոշելու համար վարչակազմի գործածած յատուկ եզրաբանութիւնը քաղաքականութիւն է, որը մշակում է Ա.Մ.Ն.-ի նախագահը»:

Ա.Մ.Ն.-ի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ողջունել է Մարկ Քըրքի նախաձեռնութիւնը` համարելով այն հայ ժողովրդի նկատմամբ ամերիկեան համերաշխութեան արտայայտում: Համբարեանն ընդգծել է, որ Քըրքի հարցադրումն ու Բասսի պատասխանը եւս մէկ անգամ ապացուցեցին, որ Օբաման պատասխանատւութիւն է կրում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Ա.Մ.Ն.-ի կառավարութեան որդեգրած տերմինաբանութեան հարցում: