Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Եւրոպական խորհրդարանը ջախջախիչ մեծամասնութեամբ  հաստատելով իր նախորդ բանաձեւերը` որդեգրեց մի բանաձեւ, դատապարտելով Ադրբեջանին մարդկային իրաւունքների պաշտպանողներին հալածանքի ենթարկելուն դէմ եւ կոչ ուղղեց թիրախային պատժամիջոցների Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի դէմ, ինչպէս նաեւ մուտքի արտօնագիր ստանալու արգիլման` ճնշումներին անմիջական պատասխանատու որոշ անձերի նկատմամբ:

Ադրբեջանը խիստ քննադատութեան ենթարկւեց Եւրոպական խորհրդարանի երեսփոխանների կողմից, ովքեր դիտել տւեցին Ադրբեջանի անհեթեթ իրականութիւնը` մարդկային իրաւունքների եւ ազատութեան արժէքները պահպանող Եւրոպայի խորհրդի նախարարների խորհրդի հերթագայող նախագահութիւնը վարելու, մինչ «վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում մարդկային իրաւունքների մթնոլորտը վատթարացել է, կառավարութեան կոմղից բանեցւած ճնշումների լուրջ սաստկացումով, ճնշումներ եւ վախ` ուղղւած հասարակական կազմակերպութիւններին դէմ, քաղաքացիական հասարակութեան գործիչների, լրագրողների եւ մարդկային իրաւունքների պաշտպանների դէմ»:

Եւրոպական խորհրդարանի երեսփոխան Մարի-Քրիստին Վերժիան (Եւրոպայի միացած ձախի-Նորտիք Կանաչներ համադաշնակցային խումբ, Ֆրանսա) ասաց, որ Ադրբեջանի եւ Ալիեւի վարչակարգի անպատժելիութիւնը պէտք է դադարի, թէ Եւրոպական միութիւնը պէտք է քարիւղի եւ գազի վրայ չկենտրոնանայ միայն, եւ թէ Ադրբեջանի հետ ընկերակցութեան համաձայնագիրը չպէտք է յառաջ մղւի: Եւրոպական խորհրդարանի երեսփոխան Ալեքսանտր Գրաֆ Լամպստորֆը (Եւրոպայի համար ազատականների եւ ժողովրդականների դաշինքի խումբ, Գերմանիա) շեշտեց Ադրբեջանի քաղաքացիական հասարակութեան սարսափելի իրավիճակը` բռնատիրական վարչակարգի կողմից շինծու եւ քաղաքական նպատակներ ունեցող շարունակական եւ դաժան հետապնդումներից յետոյ: Եւրոպական խորհրդարանի անդամների խօսքերի ընթացքում նշւեց, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եւրոպայի խորհրդի բեմից իրեն քննադատողներին անւանեց ստախօս եւ ժխտեց ամէն տեսակի քննադատութիւն, մինչ այդ իրականութեան մէջ Ադրբեջանի իրավիճակը հետզհետէ վատթարացել է:

Եւրոպական խորհրդարանի բանաձեւը «դատապարտում է Ադրբեջանի կառավարութեան այդ գործողութիւնները, որոնց նպատակն է զսպել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակութիւնների եւ երիտասարդ գործիչների եւ մտաւորականների կապերը, որոնք հսկայական կարեւորութիւն ունեն երկու երկրների միջեւ երկարատեւ թշնամութիւնը կամրջելու մէջ. այս առումով յիշեցնում է Լէյլա Եունուսի եւ իր ամուսնուն` Արիֆի տարած կարեւոր աշխատանքը»:

Բանաձեւը շեշտում է, որ իր հաւանութիւնը Ադրբեջանի հետ գործընկերային համաձայնագրի ստորագրման առնչութեամբ լինելու է պայմանական, մինչեւ վերեւում նշւած պահանջների գոհացուցիչ արտացոլումը, մարդկային իրաւունքների պաշտպանների ազատ արձակումը, անկախ քաղաքացիական հասարակութեան գործողութիւնը սահմանափակող օրէնսդրութեան յետս կոչումը եւ հասարակական, անկախ զանգւածային լրատու միջոցների, ընդդիմութեան ուժերի, մարդկային իրաւունքների պաշտպանների եւ երիտասարդ ու ընկերային ցանցերի գործիչների դէմ ուղղւած հալածանքի եւ վախի դադրեցումը: Եւրոպական խորհրդարանի անդամները նշեցին, որ Ադրբեջան պէտք է հաշւետու լինի իր երկրում տեղի ունեցող գործողութիւնների վերաբերեալ եւ մարդկային իրաւունքները պէտք է Եւրոպական միութեան արտաքին քաղաքականութեան անբաժանելի մասը լինեն:

Բանաձեւը ողբում է ոչ մէկ էական յառաջդիմութիւն արձանագրած Եւրոպական միութիւն-Ադրբեջան մարդկային իրաւունքների երկխօսութեան վրայ: Երկրի մարդկային իրաւունքների իրավիճակը նկատի առնելով կոչ է ուղղում Եւրոպական միութեան արտաքին գործերի ծառայութեանը, որ աշխուժացնի այս երկխօսութիւնը` նպատակ ունենալով դա դարձնել արդիւնաւէտ, պարբերաբար զեկուցումներ ներկայացնի խորհրդարանին, ինչպէս նաեւ կոչ է ուղղում Եւրոպական միութեան խորհրդին եւ անդամ պետութիւններին, որ պահանջեն Միջազգային ողիմպիական կոմիտէից կոչ ուղղել Ադրբեջանի իշխանութիւններին ճնշումները դադրեցնելու, եւ իրենց հասկացնել, որ ակնկալում է, որ իբրեւ յաջորդ տարի տեղի ունենալիք Եւրոպական ողիմպիական խաղերը հիւրընկալող երկիր պաշտպանի Ողիմպիական կանոնագիրի` զանգւածային լրատու միջոցների ազատութեան պայմանը:

Ամենից կարեւորը` Եւրոպական խորհրդարանը յիշեցնում է իր 24 մայիս 2012-ի դիրքորոշումը եւ կոչ ուղղում Եւրոպական միութեան խորհրդին, որ քննարկի թիրախային պատժամիջոցներ որդեգրելու կարելիութիւնը մարդկային իրաւունքների խախտումների պատասխանատուներին համար, եթէ նրանք շարունակւեն իրականութիւն դառնալ:

Հ.Յ.Դ.-ի Եւրոպայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց, որ վերջապէս Եւրոպական Միութիւնը խօսում է Բաքւի ճնշողական վարչակարգի դէմ եւ թէ յանձնակատար Նեւեն Միմիցայի միջամտութիւնը ճիշդ ուղղութեան վրայ է: «Ողջունում ենք Եւրոպական խորհրդարանի սոյն բանաձեւը: Մի բանաձեւ, որ պաշտպանում է Եւրոպական միութեան իսկական արժէքները, բանաձեւ, որ շեշտում է Բաքւի վարչակարգի  դէմ պատժամիջոցների անհրաժեշտութիւնը: Մարդկային իրաւունքները նկատի պիտի առնւին արտաքին քաղաքականութեան բոլոր մարզերում, իսկ ուժանիւթի հոսքը չի կուրացնելու Եւրոպական միութիւնը մարդկային իրաւունքների եւ հիմնական ազատութիւնների խախտման պարագաներին»,- ասել է Կարապետեանը եւ եզրակացուց. «Ադրբեջանի իսկական ժողովրդավարութիւնը միակ բանալին է Արցախի երկարատեւ հիմնահարցի լուծման, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի ժողովուրդների խաղաղ համակեցութեան ուղղութեամբ»: