Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Մօտ 30 երկիր Իրաքին խոստացել են սատարել «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման գրոհայինների դէմ պայքարում:

Ինչպէս յայտնում են միջազգային զանգւածային լրատւական գործակալութիւնները, երեք տասնեակ երկրների ներկայացուցիչները Իրաքի շուրջ միջազգային փակ խորհրդաժողովի շրջագծում հանդիպել են Փարիզում: Այդ երկրները խոստացել են համապատասխան ռազմական օգնութիւն ցուցաբերել Իրաքին:

Հանդիպման աւարտին հրապարակւած համատեղ յայտարարութեան մէջ ասւած է, որ օգնութիւնը պէտք է տրամադրւի «անյապաղ կարգով», սակայն ժամկէտներ չեն յստակեցւում:

Այդ երկրների թւում են մէկ տասնեակ արաբական պետութիւններ՝ Սիրիայից բացի, նաեւ՝ Ա.Մ.Ն.-ն, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ այլք:

Հանդիպման բացման արարողութեան ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անդրադառնալով միջազգային ահաբեկչութեան դէմ համատեղ պայքարի անհրաժեշտութեանը՝ ասել է, որ ծայրայեղական ահաբեկիչներից եկող համաշխարհային սպառնալիքը համաշխարհային պատասխան պէտք է ստանայ:

Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը եւս ասել է, որ միջազգային հանրութիւնը պէտք է հետապնդի ահաբեկիչներին՝ որտեղ էլ, որ նրանք լինեն:

Անդրադառնալով Իրաքին ռազմական օգնութիւն ներկայացնելու անհրաժեշտութեանը, Մաասումն ասել է, որ եթէ ակնկալւելիք օգնութիւնները յապաղեն, ապա միանգամայն հնարաւոր է, որ «Իսլամական պետութեան» գրաոհայիններին յաջողւի գրաւել աւելի մեծ տարածքներ՝ Իրաքում, եւ աւելի ուժեղացնել իր սպառնալիքը:

Ուշագրաւ է եղել Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Շահրեստանիի ելոյթը: Նա առանց վարանելու՝ քննադատել է համագումարի կազմակերպիչներին, այն բանի համար, որ նրանք որոշել են Իրանին դուրս թողնել գործընթացից: Շահրեստանին այդ որոշումը համարել է «ցաւալի»:

«Մենք կարծում ենք, որ աշխարհի բոլոր երկրներին է մտահոգում ահաբեկչութեան վտանգը: Իրանը մեր հարեւան երկիրն է: Մեզ աջակցել է ահաբեկիչների դէմ պայքարում, եւ պէտք է ներկայ լինէր համագումարին: Սակայն, դժբախտաբար, մենք չենք ճշտել հրաւիրւած երկրների ցուցակը»,- ասել է Իրաքի արտգործնախարարը:

Յիշեցնենք, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փորձում էր Ա.Մ.Ն.-ին համոզել՝ Իրանին եւս ներառելու հրաւիրեալների ցուցակում: Սակայն, Ա.Մ.Ն.-ն մերժել էր Ֆրանսիայի ցանկութիւնը՝ Իրանի մասնակցութիւնը համարելով աննպատակայարմար: Վաշինգտոնն իր այդ մօտեցումը պայմանաւորել էր Սիրիայի հարցով Իրանի իբր «ոչ կառուցողական» մօտեցումներով: