Աղբիւր՝ www.hyeli.com

 

Բրիտանական յայտնի «ԲիԲիՍի» լրատւականը յատուկ յօդւած է պատրաստել Հայաստանի և համաշխարհային հասարակութիւնում Հայաստանի տեղի մասին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, «ԲիԲիՍի»-ի թղթակիցը նախ շրջել է Լոնդոնի փողոցներով` փորձելով անցորդներից ճշտել, թէ ինչ գիտեն նրանք Հայաստանի վերաբերեալ:
Զբօսաշրջիկների մեծ թւով աչքի ընկնող Լոնդոնում Սաուդեան Արաբիայից մասնագիտութեամբ լրագրողների զոյգը յայտնել է, որ գիտեն միայն այն, որ Հայաստանը գտնւում է Ասիայում: Դանիացի մէկ այլ լրագրող նշել է, որ «Դանիայում իրենք երբէք չեն լսել նման պետութեան մասին»: Առաւել հետաքրքիր է պատասխանել մի զոյգ ԱՄՆ-ից, ով յայտնել է, թէ բոլոր հայերի ազգանունները վերջանում են «եան»-ով, իսկ նրա կինը որպէս ապացոյց է բերել Քիմ Քարդաշեանին:
Եւ միայն մի կին, ով եկել էր Փարիզից և նախկինում եղել էր Երևանում, ասել է. «Դա մի փոքր երկիր է, որի ժողովուրդը շատ է տառապել»:
Խօսելով համաշխարհային ճանաչում և հայկական արմատներ ունեցող անձանց մասին` «ԲիԲիՍի»-ի լրագրողը նշել է Շերին, թենիսիստ Անդրէ Աղասիին, միլիոնատէր Քըրք Քըրքորեանին և «Ափըլ» ընկերութեան հիմնադիր Սթիւ Ջոբսին: Նա մէջբերել է ԱՄՆ Հայ դատի յանձնախմբի ղեկավար Արամ Համփարեանի խօսքերն այն մասին, որ հայկական սփիւռքն իրականում երկրորդ հայկական հանրապետութիւնն է:
«Հայերը ցրւած են աշխարհով մէկ և ամենուր, ուր նրանք գնացել են, բարգաւաճել են, և նրանք չեն մոռացել իրենց արմատները և փորձել են մօտ լինել, և հէնց սա է հայ ազգի փափուկ ուժի մի մասը»,- մէջբերել է Համփարեանի խօսքերը «ԲիԲիՍի»-ն:
Խօսելով հայկական տնտեսութեան մասին` լրագրողը նշել է, որ Հայաստանի տնտեսութեան զարգացման խոչընդոտ են փակ սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: «Փակ սահմաններ ունենալու պատճառները գալիս են դեռևս 20-րդ դարից սկիզբ առած խնդիրներից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` 1915-1917 թւականներին, հարիւր հազարաւոր էթնիկ հայեր սպանւեցին օսմանեան թուրքերի կողմից: Երևանը ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի կատարւածը որպէս ցեղասպանութիւն, ինչպէս արել են շատ երկրներ, սակայն Անկարան պնդում է, որ ցեղասպանութիւն չի եղել, և մահացածները պատերազմի զոհեր են: Դա շարունակում է շատ զգայուն հարց մնալ»,- գրել է «ԲիԲիՍի»-ն:
Այն պատմում է նաև 1988 թւականին սկիզբ առած ղարաբաղեան հակամարտութեան մասին:
Անդրադառնալով երկրի զբօսաշրջային ներուժին` բրիտանական լրատւամիջոցի հետ զրոյցում Մեծ Բրիտանիայում գործող զբօսաշրջային ընկերութիւններից մէկի աշխատակիցը յայտնել է, որ Հայաստանը կարող է գրաւել օտարերկրացիներին իր հին վանական համալիրներով և այլ տեսարժան վայրերով` դարձնելով Հայաստանը հետաքրքիր վայր արձակուրդներն անցկացնելու համար: