Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ճիգ չի խնայում՝ մօտ ապագայում կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ի պատասխան «tert.am»-ի այն հարցին, թէ ինչպէս է գնահատում Լ.Ղ.-ի բանակցային գործընթացի վերջին զարգացումները, ասաց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամաւոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամութեան խմբի անդամ, Ե.Խ.Խ.Վ.-ում ֆրանսիական պատւիրակութեան նախագահ Ռենէ Ռուքէն:

«Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նրանց կողք կողքի բերել, որպէսզի համաձայնութեան եզր գտնեն: Մասնաւորապէս, նաեւ համոզել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնն էլ իր մասնակցութիւնը պէտք է ունենայ այս գործընթացին»,- ասաց նա:

Ֆրանսիացի պատգամաւորը նշեց, որ ինքը յաճախ է մեկնում Արցախ եւ շատ լաւ յարաբերութիւնների մէջ է Արցախի ղեկավարութեան հետ:

«Արցախի ղեկավարութիւնը քաղաքական առումով շատ բարձր մակարդակ ունի՝ քաղաքական հարցերին իրենց մօտեցման իմաստով: Արցախի ղեկավարութեան հիմնական պարտականութիւնն է ամբողջ աշխարհին բացատրել ու տեղեկացնել, թէ ինչո՞ւ են արցախցիներն այս վիճակում յայտնւել, որո՞նք են իրենց հիմնական պահանջներն այսօր՝ իրենց վիճակը բարելաւելու ու Լ.Ղ.Հ.-ն կայացնելու համար»,- ասաց նա:

Ի լրումն վերոնշեալի, Ռենէ Ռուքէն կարծիք յայտնեց, որ ադրբեջանցիներն իրենց նաւթադոլարների շնորհիւ կարողանում են միլիոններ ծախսել եւրոպական ատեաններում եւ լաբբինգի աշխատանքներ տանել տարբեր եւրոպական պատւիրակութիւններում, որպէսզի հարցը լուծւի ի վնաս հայկական կողմի։

«Ադրբեջանական քայլերը նաեւ մեզ պարտադրում են, որ յաւելեալ ճիգ չխնայենք՝ հակազդելու նրանց լաբբիստական գործողութիւններին: Մեր պատւիրակութեան առաքելութիւններից է, որ բոլոր եւրոպացի քաղաքական գործիչներին, ֆրանսիացի քաղաքական գործիչներին տեղեակ պահենք ընդհանրապէս հայ իրականութեանը վերաբերող, մասնաւորապէս Լ.Ղ.-ին վերաբերող հարցերի մասին»,- ասաց նա:

Ֆրանսիայի խորհրդարանում հայ-ֆրանսիական բարեկամութեան խմբի անդամը նշեց, որ իրենց առաջին խնդիրը Հայաստանի զարգացումն է, հզօր պետութեան դառնալը, որպէսզի հայութիւնը մնայ այս տարածաշրջանում, եւ Հայաստանը դառնայ զարգացած երկիր:

«Մեր ուժերի սահմաններում փորձում ենք օժանդակել Հայաստանին, որպէսզի, որքանով հնարաւոր է, օգտակար լինենք նաեւ Լեռնային Ղարաբաղին: Մենք եւրոպական ատեաններում մեր օժանդակութիւնն ենք բերում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման հարցին, որպէսզի այն մնայ որպէս հայկական տարածք եւ, ինչու չէ, ապագայում ճանաչւի որպէս անկախ երկիր»,- ասաց նա: