Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Մարմարա»-ն հաղորդում է, որ Թուրքիայի Արտաքին գործոց նախարար եւ վարչապետութեան թեկնածու Ահմետ Դաւութօղլուն յայտնել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան երկու հիմնական խնդիրներն են՝ Հայկական հարցն ու Կիպրոսի տագնապը, եւ աւելացրել է, որ «Թուրքիան այս խնդիրների մէջ միշտ պաշտպանելու է իր տեսակէտը»։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, Անկարայում տեղի ունեցաւ Թուրքիայի իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան արտակարգ ժողովը, որի ընթացքում կուսակցութեան նախագահի պաշտօնի միակ թեկնածուին՝ Դաւութօղլուին ի նպաստ քւէարկեցին 1382 պատւիրակներ։

«Հիւռռիյէթ»-ը նշում է, որ այդ ժողովի ընթացքում Դաւութօղլուի արտասանած խօսքը յագեցած է եղել պատմական եւ կրօնական խորհրդանշերով։ Նա յիշատակել է Մուհամմեդ մարգարին, սուլթան Մեհմեդ Բ-ին եւ հանրապետական Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթիւրքին։

«Միլլիյէթ»-ը նոյն առիթով մէջբերում է Դաւութօղլուի արտասանած խօսքից արտաքին քաղաքականութեան կարեւոր կէտերը՝ Կիպրոսի խնդիրը եւ Հայկական հարցը։ Նա նկատել է տւել, որ այդ քաղաքականութեան հիմնական դրոյթները երբէք չեն փոխւելու։ Դաւութօղլուն շեշտել է. «Թուրքիայի համար մարտավարական նպատակ է մնում Եւրոպական միութեան անդամակցութիւնը»։

Թուրքիայի համար քաղաքական կարեւոր խնդիրների շարքում, նա անդրադարձել է նաեւ քրդական հարցին եւ «Գեզի» հանրապարտէզի պայքարին։ Դաւութօղլուն ասել է, որ քիւրդերի հետ յարաբերութիւնների խաղաղ կարգաւորման հոլովոյթը շարունակւելու է, ապա դատապարտել է «Գեզի» հանրապարտէզի զարգացումները՝ ասելով, որ նրանց նպատակն էր «տապալել կառավարութիւնը»։