Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին գտնւող եւ շուրջ 5,000 տարւայ պատմութիւն ունեցող պատմական հայկական Անի քաղաքի տակ յայտնաբերւել են գաղտնի թունելներ, սենեակներ, խցեր, հսկայական միջանցնքեր, անհաւանական անկիւններ եւ թակարդներ:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին Կարսի Կովկասեան համալսարանում կայացած «Միջազգային Անի-Կարս սիմպոզիումի» ժամանակ յայտնել է պատմաբան Սեզայի Եազիջին:

Նա նշել է, որ քաղաքի տակ գտնւող գաղտնի թունելներն այնքան խճճւած են, որ կարող են ցանկացած մարդու շեղել ճիշտ ուղղութիւնից: Եազիջին նշել է, որ 2011 թւականին իր հետազօտութիւնների ժամանակ հանդիպել է շատ կարեւոր տեղեկատւութեան. 20-րդ դարի ականաւոր դէմքերից մէկը` Գրորգի Իւանովիչ Գուրջիեւը, ով իր մանկութեան եւ պատանեկութեան տարիների մեծ մասն անց է կացրել Կարսում, 1880-ական թւականներին իր ընկեր Պօղոսեանի հետ երկար ժամանակ աշխատել է Անիի մեկուսի վայրերից մէկում:

Օրերից մի օր Անիի թունելներից մէկը փորելու ժամանակ նրանք յայտնաբերել են մէկ այլ` նոր ու նեղ թունել, որը փակւած է եղել քարերով: Քարերը հեռացնելուց յետոյ նրանք այստեղ յայտնաբերել են սենեակ, որտեղ եղել են հնացած կահոյք, կոտւած ծաղկամաններ եւ կաթսաներ: Թէպէտ Գուրջիեւը փայլուն խօսել է հայերէն, այդուհանդերձ նա չի կարողացել կարդալ այնտեղ եղած հայերէն գրութիւնները, քանի որ դրանք եղել են հին հայերէնով:

Աւելի ուշ նրանք պարզել են, որ գրութիւնները նամակներ են եղել, որոնք մի վանականը հասցէագրել է մէկ այլ վանականի:

Ի վերջոյ Գուրջիեւն իմացել է, որ այստեղ 6-7-րդ դարերի ընթացքում գործել է դպրոց եւ վանական համալիր:

Եազիջիի համոզմամբ, Գուրջիեւն առաջինն է եղել, որ յիշատակել է Անիի աւերակների տակ գտնւող վանական համալիրի մասին: Թուրք հետազօտողի համոզմամբ` պատմական հայկական մայրաքաղաքի տակ կան շուրջ 823 ստորգետնեայ կառոյցներ եւ քարանձաւներ, որոնք տեղակայւած են 500 մետր խորութեան վրայ:

Եազիջին համոզմունք է յայտնել, որ Թուրքիայի զբօսաշրջութեան եւ մշակոյթի նախարարութիւնը պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնի այս վայրերին եւ կառուցի հետիոտնի համար նախատեսւած ճանապարհներ: