Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Երեքշաբթի վաղ առաւօտեան Զւարթնոց օդանաւակայանի հայ իրաւապահների ձեռքում կարող էր յայտնւել օրինախախտ մի ադրբեջանցի։ Ռիա Նովոստիի հաղորդագրութեան համաձայն, Աէրոֆլոտ ընկերութեան՝ Դուբայից Մոսկւա ուղեւորւող ինքնաթիռն առաւօտեան ժամը 5-ին հարկադիր վայրէջք է կատարել Զւարթնոցում։ Պատճառը հարբած մի ուղեւորի հրահրած կռիւն է եղել։

Հաղորդւում է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է եղել: 30-35 տարեկան տղամարդը նախ սկսել է բարձր խօսել, ապա հայհոյել։ Օդանաւը սպասարկել են միայն կին ուղեկցորդուհիներ, եւ օգնութեան հասած մի քանի տղամարդ ուղեւորների օգնութեամբ են կարողացել զսպել նրան։

Երեւանում վայրէջք կատարելուց յետոյ օդաչուները ցանկացել են կարգազանցին յանձնել հայ իրաւապահներին, սակայն վերջինները հրաժարւել են այդ առաջարկից եւ բաւարարւել նրան ձեռնաշղթաներ հագցնելով։ Իսկ շտապօգնութեան բժիշկները հանգստացնող դեղ են ներարկել, եւ ինքնաթիռն օդ է բարձրացել։

Հայաստանի ոստիկանութիւնից «Երկիրն այսօր»-ի հետ զրոյցում հաստատել են տեղեկութիւնը՝ վայրէջքի եւ կարգազանց ուղեւորի մասին։