Աղբիւր՝ www.asbarez.com
Իգդիրից հասարակական կազմակերպութիւններ են դիմել երկրի Արտաքին գործոց նախարարութիւն՝ փափագ յայտնելով Երեւանի Կապոյտ մզկիթում ուրբաթօրեայ աղօթք կատարելու, սեպտեմբերի 5-ին:
Ըստ թրքական «ԿունդեմԷլազիգ» լրատւական կայքի, նրանք նախարարութիւն են դիմե նախ արտօնութիւն ստանալու եւ ապա պահանջելու համար, որ վերջինս այս նախաձեռնութիւնն իրականացնելու նպատակով Հայաստանից ապահովական երաշխիք ստանայ:
Նախաձեռնութեան կազմակերպիչը, այսպէս կոչւած՝ Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարող միաւորումն է, որ հաւատում է, որ նման քայլով Հայաստանը կարող է նպաստել Թուրքիայի հետ երկխօսութիւն հաստատելու ջանքերին։ Ըստ կազմակերպութեան՝ Թուրքիայի հայկական համայնքը «ազատ եւ ապահով միջավայրի մէջ իրականացնում է իր կրօնական ծիսակատարութիւնները», եւ իր անդամները պարզապէս փափագում են նոյնը Երեւանի մէջ անել, որովհտեւ՝ «Երեւանը մեր պատմական հայրենիքն է, որտեղից մեր նախնիները բռնի կերպով տեղահանւել են»:
Նշենք, որ այս կազմակերպութիւնը յայտնի է իր հակահայ գործունէութեամբ: Ըստ տարբեր աղբիւրների՝ այն նիւթական օժանդակութիւն է ստանում Ադրբեջանից: