Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Արմէնփրես»-ը յղում կատարելով թրքական «Թարաֆ» օրաթերթին, հաղորդում է, որ շուրջ երկու ամիս առաջ Իրաքի Մուսուլ քաղաքի մէջ Թուրքիայի հիւպատոսարանի 49 աշխատակիցներին պատանդ բռնած ԴԱՀԵՇ-ը նրանց ազատ արձակման դիմաց պահանջել է Սուլէյման շահի 928-ամեայ դամբարանից դուրս բերել թուրք զինւորներին:

ԴԱՀԵՇ-ի զինեալների հետ զինւորական ճակատումից խուսափող Անկարան, ըստ «Թարաֆ»-ի, ընդունել է ահաբեկիչների այդ պահանջը եւ ներկայիս մտածում է, թէ ինչպէ՛ս այս ցաւալի հարցը պիտի ներկայացնի հանրութեանը:

Մարտին, երբ ԴԱՀԵՇ-ն սկսել էր աշխուժանալ Սուրիայում, Թուրքիայի այն ժամանակւայ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարած էր, որ եթէ ահաբեկչական խմբաւորումը յարձակում գործի Սուլէյման շահի դամբարանի վրայ, որ գտնւում է 25 թուրք զինւորների պաշտպանութեան տակ, Անկարան պատասխանելու է զինւորական գործողութիւններով: Թրքական լրատւամիջոցները նոյնիսկ յայտնել են, որ Թուրքիան համապատասխան զինւորական ստորաբաժանումներ է մօտեցնում իր սահմանից երեսուն քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնւող այդ տարածքին:

«Թարաֆ»-ին հասած հաւաստի տեղեկութիւնների համաձայն, դամբարանը դատարկելու համար ԴԱՀԵՇ-ը Թուրքիային երեք շաբաթւայ պայմանաժամ է ճշտել: Թերթի համաձայն, Թուրքիայի իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը զինեալ ուժերի սպայակոյտին արդէն յանձնարարել է դատարկել դամբարանը:

Օսմանեան կայսրութեան հիմնադիր Օսման Գազիի մեծ հայր Սուլէյման շահի եւ երկու թուրք զինւորների գերեզմանների Սուրիայում գտնւած վայրը Լոզանի համաձայնագրով նկատւում է Թուրքիային պատկանող հողատարածք, որ մինչեւ հիմա պաշտպանւում է թուրք զինւորների կողմից:

Թուրքիայի Արտաքին գործոց նախարարութիւնը «Թարաֆ»-ի այդ հաղորդագրութիւնը «անհիմն» եւ «անպատասխանատու» է նկատել: