Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Արմէնփրես» լրատւական գործակալութիւնը հաղորդում է, որ «Թւիթեր» ընկերային ցանցի ղեկավարութիւնը արձագանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ գրառումներին եւ քննում է Ալիեւի սպառնալիքները եւ այն հաւանականութիւնը, որ Ադրբեջանի նախագահը խախտել է ցանցի կանոնները։

Ալիեւի գրառումները գլխաւորաբար հայերի դէմ էին ուղղւել։ Միայն օգոստոսի 7-ին, գրառումները գերազանցել են մի քանի տասնեակը։ «Հայերը գրաւել են ադրբեջանական հողատարածքները», «Հայերը պատասխան կը տան», «Ադրբեջանցի զինւորների մարտական ոգին բարձր է» եւ նմանատիպ մի քանի տասնեակ գրառումներով Ալիեւը փորձել էր շահել իր ժողովրդի վստահութիւնն ու բարձրացնել զինւորների մարտական ոգին։

Ադրբեջանի նախագահի «Թւիթեր»-ի նկատմամբ նորափթիթ սէրը ծաղրանքի առարկայ դարձաւ արեւմտեան բազմաթիւ առաջատար լրատւամիջոցների մէջ, որոնք նաեւ Ալիեւին նկատեցին առաջին նախագահը, որ պատերազմ է սպառնում «Թւիթեր»-ի միջոցով։

Միւս կողմից, «Աքսար» կայանը մի հարցախոյզ է կազմակերպել Բաքւի երիտասարդութեան համար։ Հարցախոյզի մասնակիցների մեծամասնութիւնը, պատասխանելով այն հարցումին, թէ ի՞նչ ճամբով պէտք է լուծել Ղարաբաղի հարցը՝ դիտել է տւել, որ կողմնակից է խաղաղ բանակցութիւնների տարբերակին։ Այն հարցումին, որ եթէ պատերազմ սկսի, կուզե՞ն բանակին միանալ՝ մասնակիցների միայն 30 տոկոսը դրական պատասխան է տւել։ Մի երիտասարդ նոյնիսկ խոստովանել է, որ մէկ ամիս դիտաւորեալ կերպով հոգեբուժարանի մէջ դարմանւել է, որպէսզի ազատ արձակւի զինւորական ծառայութիւնից։