Աղբիւր՝ www.alikonline.ir
Մինչ Սիրիան այրւում է, Գազան հրթիռակոծւում, իսկ «Իսլամական պետութիւն»-ը գրաւում է իրաքեան եւս մի քաղաք, մէկ այլ հակամարտութիւն է սպառնում ապակայունացնել Մերձաւոր Արեւելքը, այս անգամ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ամիսներ շարունակ Իլհամ Ալիեւը՝ աշխարհի ամենավատ բռնապետներից մէկը, հրակոծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը,- գրել է «Huffington Post»-ի յօդւածագիրը:
Ալիեւների տոհմը վերջին աւելի քան 20 տարիներում ղեկավարում է Ադրբեջանը՝ ասես այն լինի իր սեփական բանկային հաշիւը կամ բակը: Նրանք երկրում հաստատել են ժառանգաբար փոխանցւող բռնապետութիւն, Ալիեւները միլիարդատէրեր են դարձել, մինչ ադրբեջանցի ժողովուրդը միայն սահմանափակ օգուտ է ստացել ծաղկող նաւթի առեւտրից,- գրել է յօդւածագիրը:
Նա Ալիեւին նկարագրում է որպէս դատարկ հայեացքով անձնաւորութիւն, ինչը խօսում է նրա ինտելեկտի բացակայութեան մասին, ով շարունակում է խաբել իր ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ շարունակւող հակամարտութեան պատճառների մասին:
«Ալիեւը, ով անհիմն պնդում էր, թէ քաղաքական եւ տնտեսական յաղթանակ է տարել Հայաստանի նկատմամբ եւ որ կարող է նաեւ ռազմական յաղթանակ ունենալ, շարունակում է տեսնել իր զինւորների տւած զոհերի թիւը, որը գերազանցում է հայկական կողմի զոհերի թւին: Ասես իր սեփական մարդիկ ընդամէնը ճանճեր լինեն, որոնք արժէք չեն ներկայացնում տարածքը յետ վերցնելու ապարդիւն փորձի մէջ»,- գրել է յօդւածագիրը:
Հաշւի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի նաւթի պաշարները ենթադրւում է՝ կը բաւարարեն 70 -75 տարի, «կասկածելի է, որ Ալիեւի պէս ագահ ու ինքնասիրահարւած մէկը կը վտանգի ապագայ միլիարդները՝ փորձելով «ազատագրել» հայերով բնակեցւած եւ բնական պաշարներից զուրկ լեռնային տարածքը»,- ասւած է յօդւածում:
Ադրբեջանցիները պէտք է հասկանան, որ Ալիեւը ոչ միայն դաժան բռնապետ է, այլեւ որ իր ներկայ քաղաքականութիւնն ի վերջոյ կը յանգեցնի այս վարչակարգի եւ երկրի կործանմանը»,- գրել է յօդւածագիրը: