Աղբիւր՝ www.asbarez.com
Ֆրանսացի դիւանագէտները յայտարարել են, որ Հայոց ցեղասպանութիւնից մօտաւորապէս հարիւր տարի յետոյ, չպէտք է արտօնել, որ այլ ցեղասպանութիւն տեղի ունենայ Մերձաւոր արեւելքում:
Ֆրանսական «Լը Մոնդ» օրաթերթում հրապարակւած միացեալ մի յօդւածի մէջ, Ֆրանսիայի Արտաքին գործոց նախկին նախարար Բեռնար Քուշները, գրող եւ միջազգային յարաբերութիւնների փորձագէտ Ժերար Շալեանդը եւ Արբիլում Ֆրանսիայի նախկին հիւպատոս Ֆրեդերիք Թիսօն կոչ են արել աջակցելու եզիդիներին, որպէսզի իսլամ ծայրայեղականների կողմից ծրագրւած ցեղասպանութեան առաջքն առնւի:
«Մինչ աշխարհը պատրաստւում է յիշատակելու օսմանեան Անատոլիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը, Մերձաւոր արեւելքի քրիստոնեաներին վտանգ է սպառնում ամենուրեք։ Մենք չպէտք է արտօնենք, որ նորէն տեղի ունենայ աներեւակայելին։ Չենք կարող անտեսել Իրաքում եզիդիների սպանութիւնները»,- գրւել է յօդւածում:
Նրանք նաեւ միջազգային հանրութեանը կոչ են արել անյապաղ արձագանգել՝ սատարելով եւ աջակցութիւն տրամադրելով բոլոր նրանց, որոնք դէմ են կանգնում «Իսլամական պետութիւն» կոչւող ահաբեկչական խմբակի բարբարոսութիւններին, միաժամանակ համակարգելով մարդասիրական օժանդակութեան մատակարարումը հարիւր հազարաւոր գաղթականներին: