Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Գերմանիայի իշխող Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն կուսակցութիւնը Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայի նախագահի պաշտօնում ընտրւելուց յետոյ հանդէս է եկել խիստ յայտարարութեամբ: Կուսակցութեան գլխաւոր քարտուղար Անդրէաս Շոյերը յայտարարել է, որ այսուհետեւ Թուրքիան պէտք է վերջնականապէս հրաժարւի Եւրամիութեան լիիրաւ անդամը դառնալու մտքից: «Էրդողանի Թուրքիան Եւրոպայում գործ չունի»,- գերմանական պարբերականի հետ զրոյցում ասել է Շոյերը:
Նա ընդգծել է, որ Էրդողանն իր ուժերն ընդլայնելու համար չի խորշում ժողովրդավարական արժէքները ոտնատակ անելուց: Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն կուսակցութեան գլխաւոր քարտուղարը նշել է, որ նախագահի պաշտօնում նա շարունակելու է մամուլի ազատութեան սահմանափակմանն ուղղւած իր նախաձեռնութիւնները, ինչպէս նաեւ սադրանքները Իսրայէլի նկատմամբ: Յիշեցնելով, որ իր կուսակցութիւնը մշտապէս բացայայտ հանդէս է եկել Թուրքիայի` Ե.Մ.-ին լիիրաւ անդամակցելու դէմ` Շոյերն ասել է. «Որպէս կուսակցութիւն` մենք ակնկալում ենք, որ բոլորը սա նկատեն: Նրանք, ովքեր հետեւում են Էրդողանի ելոյթներին եւ գործողութիւններին, կամաց-կամաց սկսել են դա նկատել»:
Էրդողանի` Թուրքիայի նախագահի պաշտօնում ընտրւելը բացասական է որակել նաեւ Կանաչների կուսակցութեան համանախագահ, Բունդեսթագի` ազգութեամբ թուրք պատգամաւոր Ջեմ Օզդեմիրը: Նա ընդգծել է, որ Էրդողանը երկիրը վերածել է աւտորիտար պետութեան, ինչով էլ կտրուկ նւազել են Ե.Մ.-ին անդամակցելու նրա հնարաւորութիւնները: