Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Արգենտինայի ուժեղագոյն ակումբներից մէկը՝ «Ատլետիկօ Սան-Լորենսօ Դէ Ալմագրօ» թիմը, հրաժարւել է Ադրբեջանի հովանաւորութիւնից, շեշտելով, որ այդ երկիրը սպորտն օգտագործում է մարդու իրաւունքները ոտնահարելու եւ ռասիստական յայտարարութիւններ տարածելու համար:

Ինչպէս հաղորդում է արգենտինահայ Prensa Armenia կայքը, Ադրբեջանը, որն արդէն հովանաւորում է իսպանական «Ատլետիկօ Մադրիդ» ակումբը, ցանկացել է նոյն կերպ աշխատել նաեւ «Սան-Լորենսոյի» հետ, պայմանով, որ արգենտինեան ակումբն իր մարզաշապիկի վրայ կրի «Էթնիկ հայեր գոյութիւն չունեն» արտայայտութիւնը: Սա առաջացրել է ակումբի ղեկավարութեան դժգոհութիւնը:

Միաժամանակ, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներն են հանդիպում ունեցել ղեկավարութեան հետ, ինչի արդիւնքում ակումբը հրաժարւել է ադրբեջանական նաւթադոլարներից:

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի իր աղբիւրներին հղում անելով՝ կայքը գրում է, որ «Ատլետիկօ Սան-Լորենսօ Դէ Ալմագրոյի» մերժումից յետոյ Ադրբեջանը մի այլ ակումբ է փնտրում, որը՝ յանուն գումար վաստակելու, հաշւի չի առնի կարգախօսի ռասիսիտական բնոյթը։ Թէեւ դա արդբեջանցիների համար խիստ դժւար գործ կը լինի` յատկապէս Արգենտինայում։