Աղբիւր՝ www.asbarez.com
Միացեալ նահանգների թրքական լոբիական կազմակերպութիւններ ծրագիր են մշակում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առիթով ակնկալւող քայլերին հակազդելու նպատակով:
Ըստ «Հիւռռիէթ» թերթի՝ Վաշինկթոնում գործող թուրք-ամերիկեան ընկերակցութիւնների համագումարը, որ ստեղծւել է 1979-ին՝ Թուրքիայի ուրացման արշաւն Ամերիկայում իրականացնելու համար, արդէն իսկ մի «ընդհանուր ծրագիր» է պատրաստել։
Գործնական եւ արագ արձագանգումի նախապատրաստւելու համար, սեպտեմբերին վաշինկթոն են հրաւիրւելու թրքական բոլոր այն խմբակները, որոնք ընդգրկւել են քարոզարշաւի մէջ:
«Գործնական միջոցներ»-ի շարքում է «գործիչների կոմիտէներ»-ի ձեւաւորումը։ Նրանք իւրաքանչիւր նահանգում այցելելու են օրէնսդիրների, քարոզարշաւ են տանելու ընկերային ցանցերում, կապի մէջ են լինելու աւանդական մամուլի հետ եւ համացանցի վրայ տեղադրելու են իրենց քարոզչութիւնը:
Տարբեր նահանգներում, համալսարանների հետ համագործակցութեամբ, կազմակերպւելու են միօրեայ համաժողովներ: Նախատեսւել է 20 համաժողով իրականացնել՝ ամերիկացի յայտնի թուրքերի մասնակցութեամբ։ Հրաւիրւելու են դկտ. Մեհմետ Օզի եւ «Քոքա Քոլա»-ի տնօրէն Մուհթար Քենթի նման անձնաւորութիւններ:
«Արագ արձագանգում»-ով նախատեսւում է անյապաղ հակաքայլեր կատարել՝ պատասխանելու համար հայկական կազմակերպութիւնների ցուցահանդէսներին, համաժողովներին եւ հրապարակումներին:
Թուրք-ամերիկեան ընկերակցութիւնների համագումարը նաեւ դիմելու է գրողների եւ հրատարակիչների, որպէսզի Հայոց ցեղասպանութեան մասին իրենց գրքերում ներառեն նաեւ թրքական տեսակէտները:
Թրքական կազմակերպողների ուշադրութեան տակ են լինելու նաեւ Քոնգրեսը: Թուրք-ամերիկեան ընկերակցութիւնների համագումարը, «Pax Turcica» հիմնարկի հետ համատեղ, կրթական ծրագիր է կազմում Քոնգրեսի անդամների համար: Քոնգրեսականներին անմիջապէս տեղեկատւութիւն է տրամադրւելու, երբ նրանք հակաթուրք օրինագիծ ներկայացնեն:
Միացեալ նահանգների թուրք համայնքը նաեւ դրամահաւաք է կազմակերպելու այս միջոցառումների համար: