Աղբիւր՝ www.asbarez.com
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեսպաններին հրահանգներ է փոխանցել՝ «ղարաբաղեան հարցի ուղղութեամբ» առնւելիք քայլերի կապակցութեամբ։
Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում են, որ Ալիեւն այս հրահանգները տւել է Բաքւում կայացող Ադրբեջանի դիւանագիտական ծառայութիւնների ղեկավարների հինգերորդ խորհրդակցութեան ընթացքում:
Ըստ նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, արտաքին յարաբերութիւնների բաժնի վարիչ Նովրուզ Մամետովի՝ հանդիպման մասնակցած նախագահ Իլհամ Ալիեւն իր ելոյթի 30 րոպէն նւիրել է ղարաբաղեան հիմնախնդրին:
«Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ ղարաբաղեան հիմնախնդիրը Մ.Ա.Կ.-ի Ապահովութեան խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների ուշադրութեան կենտրոնում է մնում»,- յայտնել է Մամետովը, աւելցնելով, որ ըստ Ալիեւի՝ հիմնախնդիրը «պէտք է լուծւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակում»:
Յիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղն երբէք ընդգրկւած չի եղել անկախ Ադրբեջանի կազմի մէջ, այդպիսով՝ Լ.Ղ.Հ.-ի ինքնորոշումը չի հակասում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը: