Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ իրեն պարծենկոտի ու կռւարարի նման պահեց: Այս մասին ասւում է անգլիացի պատգամաւոր Փօլ Ֆլինի յօդւածում, որը հրապարակել է «Covcas bulletin» պարբերականում:

Յիշեցնենք, որ անգլիացի պատգամաւորի հարցն այնքան էր հունից հանել Ալիեւին, որ նա պատգամաւորի վրայ մատ էր թափ տւել եւ նրան մեղադրել ստախօսութեան մէջ:

Ֆլինը նշում է, որ իրեն ընդամէնը 30 վայրկեան էին տւել հարցեր ուղղելու համար, եւ ինքը հետաքրքրւել է. «Ես հանդիպել եմ բլոգերների ու լրագրողների, որոնց Ադրբեջանում ձերբակալել են կեղծ մեղադրանքների հիման վրայ: Ընտրութիւնները երկրում կեղծւում են: Կը նշանակի՞, արդեօք, Ձեր նախագահութիւնը, որ Ադրբեջանը կը բարձրացնի երկրում մարդու իրաւունքների պաշտպանւածութեան մակարդակը՝ հաւասարեցնելով Եւրոխորհրդի չափանիշերին, թէ՝ միւս պետութիւնների չափանիշերը կիջնեն ձեր անմխիթար մակարդակին»:

«Այս հարցը, սակայն, հունից հանել է Ալիեւին, ինչպէս բոլոր այլ՝ ոչ ձեռնտու հարցերը»,- գրում է Ֆլինը:

Նա յօդւածում Ալիեւին խորհուրդ է տալիս կարդալ ԵԱՀԿ-ի դիտորդների զեկոյցը՝ 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրութիւնների վերաբերեալ, որում խօսւում է լուրջ խախտումների մասին: Անգլիացի պատգամաւորի ասութեամբ՝ իրաւապահ կազմակերպութիւնները զգուշացնում էին, որ Ադրբեջանը չի համապատասխանում Եւրոխորհրդի նախագահի դերին:

Ֆլինը նաեւ գրում է, որ Ալիեւը նաւթային հարստութիւնն օգտագործում է աշխարհին իր կողմը գրաւելու համար:

«Խօսելով ԼՂ հակամարտութեան մասին՝ նա ինչ-որ քայլերի մասին ակնարկեց: Դիտորդները մտավախութիւն ունեն, որ գուցէ նա ռազմական գործողութիւններ է ծրագրաւորում: Մնում է միայն յուսալ, որ հակամարտութիւնը սառեցւած կը մնայ եւ արիւնահեղութիւնից կը յաջողւի խուսափել»,- եզրափակում է նա: