Աղբիւր՝ www.yerkir.am

 

Բաքւում րոպէներ առաջ աւարտւեց Ե.Ա.Հ.Կ.-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի յանձնաժողովի նիստը: Հայաստանեան պատւիրակութեան անդամ, Ա.Ժ.-ում Հ.Յ.Դ. խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը Yerkir.am-ին Բաքւից տեղեկացրեց, որ յաջողւել է Հայաստանի համար կարեւոր ու սկզբունքային երեք ուղղում մտցնել յանձնաժողովի զեկոյցի ու վերջնական ընդունւած բանաձեւի մէջ:

Ըստ նրա` արձանագրութեան 23-րդ կետը, որ պատրաստել էր զեկոյցի ու բանաձեւի հեղինակը` Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պիա Կաուման,  ընդգծում էր մասնակից երկրների սահմանների անխախտելիութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքները պաշտպանելու կարեւորութիւնը՝ ամրագրւած Հելսինկեան եզրափակիչ ակտում:

«Մեր պատւիրակութիւնը դեռ Երեւանից առաջարկութիւն էր արել, որին միացել էին նաեւ այլ պատգամաւորներ այլ երկրներից: Եւ քիչ առաջ կոմիտէի նիստում քւէարկութեան դրւեց մեր առաջարկութիւնը, որն անցաւ, եւ արդէն այդ տեքստին աւելացան նաեւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման, ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ազգերի ինքնորոշման իրաւունքն ամրագրող սկզբունքներն եւս: Այսինքն` երեք սկզբունքներ ամրագրւեցին բանաձեւի մէջ: Զեկոյցի հեղինակը համաձայնեց մեր առաջարկի հետ, եւ մեծամասնութիւնը քւէարկեց մեր առաջարկի օգտին»,- ներկայացրեց Աղւան Վարդանեանը:

Քաղաքական հարցերի յանձնաժողովի արձանագրութեան մէջ, բացի սրանից,  հայկական պատւիրակութեանը յաջողւել է երկու այլ առաջարկութիւններ եւս ընդունել տալ, որոնք վերաբերում էին Սիրիային: Արձանագրութեան նախագծում նշւած են եղել էթնիկական խմբերի դէմ յանցագործութիւնները դատապարտող դրոյթներ, եւ հայկական կողմի առաջարկով այդ կէտի կողքին աւելացւել է նաեւ կրօնական խմբերի հանդէպ յանցագործութիւնները դատապարտող դրոյթը:

«Սա ընդունւեց: Երկրորդը՝ մենք առաջարկեցինք, որ Ե.Ա.Հ.Կ.-ի անդամ երկրները թոյլ չտան, որ իրենց տարածքներն օգտագործւեն ֆունդամենտալիստական եւ տեռորիստական խմբերի կողմից` դէպի Սիրիա անցում կատարելու եւ այնտեղ էթնիկ ու կրօնական փոքրամասնութիւնների դէմ յանցագործութիւններ կատարելու համար: Դա ուղղակիօրէն վերաբերում է Թուրքիային, Քեսաբի հարցերին, եւ ադրբեջանցիներն են այնտեղ կռւում ու սպանւում»,- ասաց Աղւան Վարդանեանը:

Հայկական պատւիրակութեան այս երկու առաջարկութիւններն եւս ընդունւել են, որոնք, ըստ Վարդանեանի, շատ կարեւոր էին հայկական կողմի համար: