ՍՀԹ թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը եւ թեմի ազգային մարմինները, կիրակի՝ 21 օգոստոսի 2022 թւականի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Ծաղկեայ Դահլիճ»-ում ընդունեցին Հայաստանից ժամանած «Հայկական նախագիծ» գիտա-կրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանին, տարածաշրջանային հարցերով փորձագէտ Կարէն Իգիթեանին եւ արեւելագէտներ Սերգէյ Մելքոնեանին ու Վարուժան Գեղամեանին։ Հիւրերին ուղեկցում էր ազգային-հասարակական գործիչ Արթուր Յովսէփեանը։
Սոյն հանդիպմանը, ներկայ էին նաեւ Պատգ. Ժողովի յանձնաժողովների նախագահները եւ Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները։
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը եւ իր ուրախութիւնը յայտնեց սոյն կազմակերպութեան անդամներին Ազգային առաջնորդարանի յարկի տակ ընդունելու համար:
Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանը եւս ողջունելով ներկաներին, բարձր գնահատեց կազմակերպութեան աշխատանքը՝ Հայաստանում մարդկային կապիտալը զարգացնելու եւ հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցութիւնը արթնացնելու ուղղութեամբ: Նա անդրադառնալով օգոստոսի 19-ին, Նոր Ջուղայում տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում հնչած ելոյթներին, ընդգծեց, թէ բոլոր մեկնաբանութիւնները հիմնւած էին առարկայական տւեալների վրայ, ինչը գնահատելի երեւոյթ է:
Շարունակութեան մէջ արտայայտւեց Պատգ. ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը: Նա շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ անցնող օրերի ընթացքում համայնքի տարբեր խաւերին, հայաստանեան ներքաղաքական վերջին իրադարձութիւնների մասին իրազեկելու համար։ Այնուհետեւ թեմի ազգային կառոյցի եւ ազգային մարմինների աշխատանքների ուղղութեամբ հակիրճ բացատրութիւններից յետոյ, տեղեկութիւններ փոխանցեց ազգային մարմինների հետ Իրանի պետական համակարգի սերտ համագործակցութեան վերաբերեալ, նշելով, որ իրանահայ համայնքը Իրանի Իսլամական խորհրդարանում ներկայացւած է երկու պատգամաւորներով: Նա տեղեկութիւններ հաղորդեց նաեւ Հայաստանի վերանկախացումից յետոյ Սպահանի հայոց թեմի իրագործած աշխատանքների ուղղութեամբ, դրանցից կարեւորելով՝ Իրան-Հայաստան յարաբերութիւններին նպաստող աշխատանքները, Հայաստանում եւ Արցախում թեմի ներդրումները եւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին խթանող համահայկական նախաձեռնութիւններին մասնակցութիւնը։
Եզրափակելով իր խօսքերը, Պատգ. Ժողովի ատենապետը ցաւով անդրադարձաւ 2018 թւականից յետոյ Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակին, առանձնացնելով 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստան-Արցախ-Սփիւռք յարաբերութիւնները ջլատող եւ Հայաստանի պետականութիւնը վտանգող ՀՀ իշխանութեան գործունէութիւնը։
Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւս ողջունելով հիւրերին, իր գոհունակութիւնը յայտնեց օգոստոսի 19-ին տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում, ժողովրդին թարմ տեղեկութիւններ փոխանցելու եւ Հայաստանի ու հայութեան առջեւ կանգնած մարտահրաւէրների մասին նրանց իրազեկելու կապակցութեամբ։ Նա յանձնախմբի պատրաստակամութիւնը յայտնեց օժանդակել սոյն կազմակերպութեան՝ թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում իրականացւող աշխատանքների իրագործմանը:
Հանդիպմանը ելոյթներով հանդէս եկան «Հայկական նախագիծ» կազմակերպութեան համահիմնադիր անդամները։
Հիւրերը շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան եւ իրենց հասցէին հնչած գնահատանքի խօսքերի համար՝ տեղեկութիւններ փոխանցեցին կազմակերպութեան առաքելութեան վերաբերեալ, այն է՝ նպաստել Հայաստանում ազգային քաղաքացիական հասարակութեան ձեւաւորմանն ու Հայաստանի պետականութեան ամրապնդմանը, նաեւ իրազեկեցին հայկական Սփիւռքի տարբեր գաղթօջախներում իրականացւած աշխատանքների վերաբերեալ, որոնց նպատակն է բարձրացնել Հայաստանի եւ հայութեան առջեւ կանգնած մարտահրաւէրների մասին տեղեկատւութեան մակարդակը եւ նպաստել հայութեան ներուժի կենտրոնացմանը՝ վերոնշեալ մարտահրաւէրների յաղթահարման ուղղութեամբ:
Կազմակերպութեան համահիմնադիրները նշելով, որ Հայաստանի ներկայ իշխանութիւնների կողմից Սփիւռքը եւ Հայ եկեղեցին թիրախաւորելու եւ առհասարակ Հայաստանում ստեղծւած քաղաքական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում եւ Սփիւռքում տիրում է հիասթափութեան մթնոլորտ, դա բնութագրելով իշխանութիւնների կողմից ուղղորդւած՝ Սփիւռքի մեկուսացման եւ Հայաստանի նկատմամբ անտարբեր դարձնելու միջոց, յորդորեցին չյուսալքւել եւ չտրւել այդ սադրանքներին, այլ կանգնելով հայրենիքի փրկութեան համար գործի լծւած կառոյցների թիկունքին, օժանդակնել նրանց հայկական պետութիւնը պահելու անհնար թւացող գործը իրականութիւն դարձնելուն։
««Հայկական նախագիծ» կազմակերպութիւնը իր ենթակառոյցներով պատրաստ է օժանդակել իրանահայ համայնքի գործունէութեանը, Իրան-Հայաստան կապերի զարգացմանը, հայ-իրանական համատեղ օրակարգերի սպասարկմանը, նաեւ պատրաստ է իրանահայ պատանի-երիտասարդներին ընդունել իրականացւող կրթական ծրագրերին եւ ճանաչողական միջոցառումներին։ Մենք փորձում ենք հնարաւորինս ազդել Հայաստանեան գործընթացների վրայ եւ որոշ չափով յաջողել ենք, իսկ եթէ համախմբւած լինենք առաւել չափով յաջողութիւնների ենք հասնելու»», յաւելեցին հիւրերը։
Շարունակութեան մէջ հնչեցին հարցեր, որոնց պատասխանեցին կազմակերպութեան անդամները:
Փակման խօսքով հանդէս եկաւ թեմակալ Առաջնորդը։ Նա յաջողութիւն մաղթելով հիւրերին, յոյս յայտնեց, որ յաջողութեամբ են պսակւելու կազմակերպութեան առջեւ դրւած նպատակները:
Հանդիպման աւարտին «Հայկական նախագիծ» կազմակերպութեանը յանձնւեց յուշանւէր։
Հանրային կապ
Սպահանի հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի