Ոչ-պաշտօնական այցի շրջանակներում Սպահան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ճաղարեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, կիրակի՝ 8 մայիսի 2022 թւականին այցելեցին Ս. Ամենափրկիչ Վանք:
Հիւրերին դիմաւորեցին թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Պատգ. ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանը, Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ Զաւէն Սիմոնեանը, Թեմի Պատգ. Ժողովի պատւոյ անդամ՝ Թաթուլ Օհանեանը, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ Արիս Դաւթեանը:
Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ողջունելով պատւիրակութեան անդամներին, անդրադարձաւ Արեւելեան Եւրոպայի վերջին իրադարձութիւններին, եւ նշեց. «Մենք, որպէս խաղաղասէր ազգ, մեր մորթի վրայ զգալով պատերազմի աղէտալի հետեւանքները, խաղաղութիւն ենք ցանկանում եւ աղօթում ենք պատերազմի անյապաղ դադարեցման համար»:
«Այսօր Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ եւրոպական մի շարք երկրներ դատապարտում են Ուկրաինայում ընթացող պատերազմը, ինչը տեղի չունեցաւ արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան կառոյցները եւս լռութիւն պահպանեցին ադրբեջանական իշխանութիւնների բարբարոսութիւնների նկատմամբ: Մարդու իրաւունքները համընդհանուր են, հետեւաբար խտրական մօտեցում ցուցաբերելը եւ երկակի ստանդարտներ կիրառելը անընդունելի են եւ դատապարտելի», աւելացրեց նա։
Այնուհետեւ արտայայտւեց Լեւոն Ճաղարեանը, ով իր ուրախութիւնը յայտնելով մէկ անգամ եւս Ս. Ամենափրկիչ Վանք այցելելու առթիւ, ընդգծեց Իրան-Ռուսաստան բարի դրացիական յարաբերութիւնները եւ աւելացրեց, թէ չնայած երկու երկրների դէմ սահմանւած ապօրինի պատժամիջոցներին, ռուս-իրանական բազմակողմ համագործակցութիւնը շարունակւում է զարգանալ:
Շարունակութեան մէջ զրոյց ծաւալւեց ռուս-ուկրայինական պատերազմի շուրջ, որտեղ դեսպանը մանրամասն բացատրութիւն տւեց Ուկրաինայում ռուսական յատուկ ռազմական գործողութեան նպատակների ու խնդիրների վերաբերեալ, նաեւ շնորհակալութիւն յայտնեց Իրանի կառավարութեանը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծւած իրավիճակի նկատմամբ հաւասարակշռւած եւ օբյեկտիւ դիրքորոշման համար:
Այնուհետեւ ներկաներն իրենց հարցերն ուղղեցին դեսպանին, կապւած՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի եւ Հայաստանի ու Արցախի եւ առհասարակ Կովկասի տարածաշրջանի համար դրա հնարաւոր հետեւանքների մասին: Զրուցակիցները խօսեցին նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի որոշ կէտերի չիրականացման, ի մասնաւորի ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ամբողջութեամբ չիրագործւելու, Ադրբեջանին միջանցք տրամադրելու եւ ադրբեջանական զօրքերի կողմից զինադադարի յաճախակի խախտումների ուղղութեամբ: Դեսպանին ուղղւած հարցերի շարքում կարեւորութեամբ բարձրացւեց արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում Իսրայէլի ներկայութեան աշխուժացման եւ Ադրբեջանի իշխանութիւնների հետ նրանց յարաբերութիւնների սերտացման լոյսի ներքոյ՝ Իրան-Ռուսաստան-Հայաստան համագործակցութեան զարգացման հաւանականութեան հարցը:
Ռուսաստանի դեսպանը պաշտօնական Մոսկւայի դիրքորոշման շրջագծում պատասխանեց համայնքի ներկայացուցիչների հնչեցրած հարցերին:
Հանդիպումն աւարտւեց մտերմիկ մթնոլորտում տեղի ունեցած համեստ հիւրասիրութեամբ: