Սպահանի ընդհանուր կրթադաստիարակչութեան գլխաւոր տնօրէն Մոհամմադ Էթեդադին եւ 3-րդ շրջանի տնօրէն Մոհամմադ Ռեզա Նազարեանը եւ նրանց ուղեկցող պատւիրակութիւնը, 2022 թւականի յունւարի 15-ին, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, Ս. Ամենափրկիչ վանքում հանդիպում ունեցան Տէր Սիփան եպս. Քէչէճեանի հետ:

 

Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի փոխ-ատենապետ Վաչիկ Հայրապետեանը, Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր Յովհաննիսեանը, Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, Հայոց ազգ. դպրոցների տեսչական կազմերն ու պատասխանատուները:

 

Սրբազան հայրը ողջունելով հիւրերին, անդրադարձաւ հայոց դպրոցների նկատմամբ կրթադաստիարակչութեան հիմնարկի առանձնայատուկ ուշադրութեանը եւ դպրոցների ղեկավարութեան հետ այս հաստատութեան ջերմ համագործակցութեանը:

 

Անդրադառնալով Կորոնավիրուսի համավարակին Թեմակալ առաջնորդը յաւելեց, թէ՝ չնայած առկայ բոլոր խնդիրներին ու խոչընդոտներին, անցնող երկու տարիներին, դպրոցների աշխատակազմը նոյնութեամբ շարունակեց իր պարտականութիւնները եւ անփոխարինելի դեր խաղաց աշակերտների կրթման գործում:

 

Իր խօսքի աւարտին, Ազգային մարմինների, յատկապէս թեմի Կրթական խորհրդի, Հայոց դպրոցների տեսչութեան ու ամբողջ անձնակազմի եւ հայ աշակերտութեան անունից, շնորհակալութիւն յայտնեց Սպահանի ընդհանուր կրթադաստիարակչութեան գլխաւոր տնօրէնութեանը եւ 3-րդ շրջանի տնօրէնին՝ իրենց անկեղծ համագործակցութեան համար:

 

Մոհամմադ Էթեդադին, շնորհաւորելով Ամանորն ու Ս. Ծնունդը, մատնանշեց Ազգային իշխանութեան եւ հայոց դպրոցների դերը հայ աշակերտների յաջողութեան եւ զարգացման գործում:

 

Նա ասաց, թէ իր պաշտօնավարման տարիների ընթացքում Նոր Ջուղայի հայկական դպրոցները սերտօրէն համագործակցել են իրենց հետ եւ երբեք խնդիր չեն ստեղծել այդ հաստատութեան համար, որը պայմանաւորւած է փորձառու եւ հնարամիտ ղեկավարների ու գործընկերների առկայութեամբ:

 

«Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով անցնելով առցանց ուսուցման ձեւաչափին, կրթական համակարգը բախւեց էական խնդիրների եւ աշակերտութեան ակադեմիական առաջադիմութիւնը կտրուկ անկում ապրեց: Ուստի մեր բոլոր ջանքերը նպատակաուղղւած են՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, բացել դպրոցները, այլապէս առաջիկայ տարիներին առաւել չափով կրթական խնդիրներ ենք ունենալու», յաւելեց նա:

 

Կրթադաստիարակչութեան 3-րդ շրջանի տնօրէնը եւս շնորհաւորելով Նոր տարին եւ Ս. Ծնունդը, իր անկեղծ շնորհակալութիւնը յայտնեց հայկական դպրոցների տնօրէններին եւ պատասխանատուներին` հաստատութեան հետ համագործակցելու համար:

 

Թեմական խորհրդի փոխ-ատենապետ Վաչիկ Հայրապետեանը ողջունեց հիւրերին եւ ասաց. «Սպահանի կրթադաստիարակչութեան հաստատութիւնը միշտ առանձնայատուկ ուշադրութիւն է դարձրել հայկական դպրոցներին, ինչի շնորհիւ հայոց դպրոցները մեծ յաջողութիւնների են հասել»:

 

Նա աւելացրեց. «Կորոնավիրուսի համավարակի բռնկումը ազդեց դպրոցների գործունէութեանը եւ մեծ ճնշում գործադրւեց ուսուցչական կազմերի վրայ: Այս ընթացքում Ազգային իշխանութիւնն իր բոլոր միջոցներով եղել է հայկական դպրոցների կողքին եւ լինելու է մինչեւ հիւանդութեան ամբողջական վերացումը»:

 

Ծրագրի ընթացքում արտայայտւեցին նաեւ հայոց դպրոցների տեսուչները եւ այլ պատասխանատուներ, իսկ վերջում Ազգային իշխանութեան կողմից նւէրներ տրւեցին բոլոր ներկաներին: