Սպահանի Հայոց Թեմի 16-րդ Պատգամաւորական Ժողովի 13-րդ հաշւետու նիստի մեկնարկը տրւեց չորեքշաբթի՝ յուլիսի 21-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ՝ շրջանների պատգամաւորների, հոգեւոր դասի ներկայացուցիչների, Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի անդամների, ենթամարմինների ներկայացուցիչների ու ժողովի կողմից հրաւիրեալ ազգայինների:
Նիստի բացումը կատարւեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր «Տէրունական» աղօթքով:
Հաշւետու նիստը շարունակւեց յուլիսի 21-ի երեկոյեան: Օրակարգի գլուխների համաձայն, նախ փոխանցւած տեղեկագրերի շուրջ ժողովականների կողմից եղան հարցումներ՝ ուղղւած Պատգ. Ժողովի Դիւանին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին, ապա հնչեցին ըստ էութեան արտայայտութիւններ, գնահատւեց գործադիր մարմինների գործունէութիւնը:
Համապատասխան գլուխների ներքոյ քննարկւեցին նաեւ գործադիր մարմինների ու յանձնաժողովների կողմից ներկայացւած առաջարկները եւ հաստատւեց թեմիս միամեայ նախահաշիւը:
Յատկանշական է, որ սոյն ժողովը, նկատի ունենալով Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Դիւանի ատենապետ՝ Պրն. Թաթուլ Օհանեանի աւելի քան 65 տարիների ներդրումն ու վաստակը թեմիս ժողովական եւ միւս բնագաւառներում, միաձայնութեամբ նրան ընտրեց Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի «ցկեանս Պատւոյ Անդամ»։
Օրակարգի համապատասխան կէտի ներքոյ, նկատի ունենալով, որ համաձայն թեմիս կանոնագրի թեմակալ Առաջնորդը ընտրւում է չորս տարի գործունութեան ժամանակաշրջանով, սոյն ժողովը վերընտրեց գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քէչէճեանին՝ որպէս Սպահանի Հայոց Թեմի յառաջիկայ քառամեայ Առաջնորդ:
16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի 13-րդ հաշւետու նիստն աւարտւեց Սրբազան Հօր բարեմաղթանքներով ու «Պահպանիչ» աղօթքով:
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ
26 ՅՈՒԼԻՍ 2021 թ.