Հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Արիս Դաւթեանը եւ Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանում դիմաւորեցին աշխատանքային այցով Սպահան ժամանած Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի մարզի երեք համայնքների ղեկավարներին եւ հանդիպեցին 5-րդ շրջանի քաղաքապետ Հոսէյն Քարգառի հետ։
Պատւիրակութեան անդամներն էին՝ Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադէոսեանը եւ նոյն համայնքի ղեկավարի տեղակալ Մեսրոպ Արզումանեանը, Սիսիան եւ Մեղրի համայնքների ղեկավարների առաջին տեղակալներ Կարէն Յովհաննիսեանն ու Խաչատուր Անդրիասեանը։
Հիւրերը թեմի Ազգային իշխանութեան պատասխանատուների եւ Սպահանի քաղաքապետարանի միջազգային հարցերով խորհրդատու Ալի Մողթադեռիի ընկերակցութեամբ այցելեցին Ազգային Առաջնորդարան-Ս. Ամենափրկիչ վանք, ուր «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, «Խաչատուր Վրդ. Կեսարացի» եւ Նոր Ջուղայի ազգագրական թանգարաններ այցելելուց յետոյ, Ազգային Առաջնորդարանի «Ծաղկեայ» դահլիճում հանդիպում ունեցան թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, թեմի Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Նոէլ Մինասեանի, Վարուժ Մինասեանի եւ Զաւէն Սիմոնեանի հետ։
Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ողջոյնի եւ բարի գալստեան արտայայտութիւններից յետոյ, պատւիրակութեանը ներկայացրեց թեմի ազգային կառոյցը։ Այնուհետեւ խօսքն ուղղելով հիւրերին, ասաց. «Ես Ձեզ բնորոշում եմ որպէս կռւախնձորի ասպետներ, քանի որ ներկայ ժամանակաշրջանում Սիւնիքը դարձել է կռւախնձոր արտաքին եւ տեղական գերուժերի միջեւ, իսկ Դուք ստանձնել էք հայ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու պատասխանատու պաշտօններ՝ Մայր Հայրենիքի ամենավտանգաւոր վայրում»։
«Խոնարհւում եմ Ձեր պաշտօնի եւ Ձեր յանձնառութեան առջեւ եւ գնահատում ու յաջողութիւն եմ մաղթում Ձեզ», այսպիսով իր խօսքն աւարտեց Սրբազան Հայրը։
Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադէոսեանը շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, անդրադարձաւ վերջերս Սիւնիքի մարզի Կապան համայնքի եւ Սպահան քաղաքի, ինչպէս նաեւ Սպահանի հայ համայնքի միջեւ ձեւաւորւած գործընկերային յարաբերութիւններին եւ տեղեկացրեց, որ Սպահանի քաղաքապետի հրաւէրով առաջիկայում Սպահան է այցելելու նաեւ Կապանի համայնքապետը։
Թեմի հայկական կառոյցի անունից հիւրերին ողջունեց նաեւ Նոէլ Մինասեանը։ Նա անդրադառնալով Իրան-Հայաստան ամուր կապերին, ինչպէս նաեւ Իրանի եւ առհասարակ Սփիւռքի հայկական համայնքների մեծ ներուժին, ասաց. «Հայրենիքի համար այս ճակատագրական պահին, երբ թոյլ քաղաքականութեան հետեւանքով մեր թշնամիները բացէիբաց իրենց իրաւունք են վերապահում Սիւնիքը գրաւելու ծրագրեր մշակել, անհրաժեշտ է նախ ամբողջ հայութեանը համահայկական զօրաշարժի ենթարկելով եւ հայկական բոլոր համայնքների հնարաւորութիւններն օգտագործելով, ապա մեզ բարեկամութեան ձեռք մեկնած երկրների, յատկապէս Իրանի Իսլ. Հանրապետութեան օժանդակութիւնն ապահովելով, դիմագրաւել թշնամի երկրների դաւադիր գործողութիւններին եւ վերականգնել մեր երկրի սահմանները»։
Պատւիրակութեան անդամներին ուղղւած ողջոյնի խօսքերով եւ յաջողութեան մաղթանքներով հանդէս եկան նաեւ Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Վարուժ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը։
Թեմական խորհրդի ատենապետն իր արտայայտութիւններում շեշտեց Սպահանի եւ Սիւնիքի մարզի միջեւ՝ յատկապէս մշակութային եւ տնտեսական ոլորտներում համագործակցութեան ստեղծումը եւ այդ շրջագծում Սպահանի քաղաքապետարանի որոշումով՝ Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ Հոսէյն Քարգառի այցը Կապան քաղաք, նրա հանդիպումը Կապան համայնքի ղեկավար Գէորգ Փարսեանի եւ Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ։
Յիշեցնենք, որ ապրիլի 20-ին տեղի ունեցած այդ հանդիպմանը, որպէս Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչ ներկայ է եղել նաեւ Վարուժ Մինասեանը։
Սպահանի քաղաքապետարանի միջազգային հարցերով խորհրդատու Ալի Մողթադեռին եւս իր գոհունակութիւնը յայտնելով ջերմ հիւրընկալութեան համար, յիշեցրեց տարածաշրջանում Իրանի կարմիր գծերի մասին, ինչպէս նաեւ երկրի հոգեւոր առաջնորդի ու այլ բարձրաստիճան ղեկավարութեան դիրքորոշման անփոփոխ լինելու հանգամանքը՝ կապւած Իրան-Հայաստան սահմանի որեւէ փոփոխութեան հետ։
Նա խաղաղութիւն մաղթելով տարածաշրջանին, յոյս յայտնեց, որ երրորդ երկրների խնդիրները չեն ազդելու Իրան-Հայաստան երկու բարեկամ երկրների դարաւոր յարաբերութեան վրայ։
Պաշտօնական հանդիպումից յետոյ պատւիրակութեան անդամներն այցելեցին «Ս. Բեթղեհէմ» եկեղեցի, շրջայց կատարեցին «Նոր Ջուղա» հայկական թաղամաս եւ մօտիկից ծանօթացան հայկական կենտրոնների հետ։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի