Սպահանի Արւեստի ազգային թանգարանի նախաձեռնութեամբ, նորջուղայեցի հանրայայտ նկարիչ Երւանդ Նահապետեանի ջրաներկ նկարների գլուխգործոցներից 10-ը ժամանակաւորապէս ցուցադրութեան յանձնւեց սոյն թանգարանում։

Ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ յուլիսի 11-ին, որին թանգարանի տնօրէնութեան հրաւէրով ներկայ էին Թեմիս Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը եւ Նոր Ջուղայի հայոց երաժշտական թանգարանի տնօրէն Զոյեա Խաչատրեանը։

Ըստ թանգարանի տնօրէնի փոխանցման, ցուցահանդէսի նպատակն էր հանրութեանը առաւել չափով ներկայացնելու ջրաներկի մեծ վարպետի արժէքաւոր եւ հիասքանչ աշխատանքները եւ տեղեկատւութիւն մատուցել նրա մասին։

Երկուշաբթի՝ յուլիսի 17-ին, Նոր Ջուղայի հայոց ազգագրական թանգարանի յանձնախմբի անդամներն այցելեցին ցուցահանդէս, իսկ երեքշաբթի՝ յուլիսի 18-ին, թանգարանի տնօրէնութեան հրաւէրով, թեմակալ Առաջնորդ Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ խորհրդի միւս անդամներ Ռայեա Խուդավերդեանն ու Սարմէն Մինասեանը ժամանեցին թանգարան, ուր շրջայց կատարեցին թանգարանի բոլոր տաղաւարներ, այդ թւում նաեւ մեծանուն գեղանկարչի տաղաւարը եւ իրենց տպաւորութիւնները կիսեցին՝ գրառում կատարելով յատուկ հիւրերի մատեանում։

Երկու այցերի աւարտին, հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան թանգարանի տնօրէնութեան հետ եւ քննարկեցին երկկողմ յարաբերութիւնների ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Յատկանշական է, որ թանգարանի մի հատւածում մշտական ցուցադրութեան են դրւած Սպահանի հայ գեղանկարիչների՝ Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Սարգիս Խաչատրեանի եւ Երւանդ Նահապետեանի ստեղծագործութիւնները։

 

Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի