Կիպրոսի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Ալիռեզա Սալարեանը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը, շաբաթ` յունիսի 3-ին, այցելելով ՍՀԹ Ազգային առաջնորդարան (Ս. Ա. Վանք) հանդիպեցին թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Զաւէն Սիմոնեանի եւ Պատգ. Ժողովի փոխ-ատենապետ Գեղարդ Մանսուրեանի հետ։
Հիւրերին ողջունելուց եւ դեսպանին ուղղւած շնորհաւորանքի խօսքերից յետոյ, խորհրդակցութիւն ծաւալւեց Իրանի եւ Կիպրոսի միջեւ յարաբերութիւնների ամրապնդմանն ու ընդլայնմանը նպաստելու համար Սպահան քաղաքի եւ Սպահանի հայոց թեմի հնարաւորութիւններն ու կարողութիւնները օգտագործելու շուրջ։
Նշենք, որ Ալիռեզա Սալարեանը նախկինում աշխատում էր որպէս Սպահան նահանգում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցչութեան ղեկավար:
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի