Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի հրաւէրով Նոր Ջուղա ժամանած ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանը եւ քաղաքագէտ, Ադրբեջանի հարցերի փորձագէտ՝ Անժելա Էլիբեգովան, շաբաթ՝ ապրիլի 29-ին, այցելելով Ազգային առաջնորդարան, «Ծաղկեայ» դահլիճում հանդիպում ունեցան թեմակալ Առաջնորդ գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ։
Գերշ. Տէր Սիփան Ս. Եպս. Քէչէճեանը ողջունելով եւ բարի գալուստ մաղթելով հիւրերին հակիրճ ներկայացրեց ազգային կառոյցի դրւածքը։
Ասպրամ Կրպէյեանն շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, ասաց. «Դրւատանքի են արժանի նորջուղայեցիները, ովքեր Նոր Ջուղայի անգնահատելի մեծ ժառանգութիւնը փայփայելով փոխանցել են սերնդէ-սերունդ եւ հիմա էլ մեծ սիրով պահպանում են այն»։
ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորը յաւելեց. «Նոր Ջուղայի հայ համայնքի ամուր եւ կանգուն լինելը, ազգային գաղափարների ու արժէքների շուրջ նրա միասնականութիւնն ու մէկ նպատակի ծառայելու պատրաստակամութիւնը, բխում է միմիայն հայկական պետականութեան շահերից, ինչը առաւել քան երբեւէ այսօր անհրաժեշտ է հայ ժողովրդին»։
Անժելա Էլիբեգովան եւս հանդէս եկաւ նորջուղայեցիների հասցէին գնահատանքի արտայայտութիւններով։ Նա խօսելով Իրանի մշակութային, գիտական եւ այլ ոլորտներում հայութեան բացառիկ դերակատարութեան մասին, անհրաժեշտ համարեց այն ծանօթացնել Հայաստանին ու համայն հայութեանը։
Հիւրերն իրենց արտայայտութիւններում կիսւեցին Սպահանի եւ Նոր Ջուղայի տեսարժան վայրերի վերաբերեալ իրենց տպաւորութիւններով։
Նոէլ Մինասեանը ողջոյնի խօսքեր փոխանցելով հիւրերին, յիշեցրեց, որ Նոր Ջուղան այն համայնքներից էր, որ 1991-ին, Արցախի հիւսիսային շրջանում ընթացող մարտերի ընթացքում նահատակւած Թաթուլ Կրպէյեանի եւ նրա զինակից ընկերների յիշատակին կազմակերպեց հոգեհանգստեան արարողութիւն։ Նա հետաքրքիր զուգադիպութիւն համարեց, այն որ այսօր շուրջ 30 տարիներ անց, նահատակ հերոսի տարեդարձի եւ նահատակութեան տարելիցին Նոր Ջուղան հիւրընկալում է նրա դստերը։
Պատգամաւորական ժողովի ատենապետը ընդգծելով իրանահայ համայնքի ներդրումը Իրանի մշակութային, տնտեսական եւ այլ բնագաւառների զարգացման գործում, ցաւով անդրադարձաւ այն իրողութեանը, որ այսօր ՀՀ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան պատճառով, Սփիւռքի, յատկապէս իրանահայութեան մօտ առկայ հսկայական ներուժը չի օգտագործւում Հայաստանի պետականութեան հզօրացման համար։
Շարունակութեան մէջ արտայայտւեցին Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը եւ այլ ներկաները։
Աւարտին, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր յուշանւէրներ յանձնւեց հիւրերին։
Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ Նոէլ Մինասեանն ու Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, Կրօնական խորհրդի փոխ-ատենապետ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Պատգամաւորական ժողովի Ա Ատենադպիր Արմինէ Սիմոնեանը, Թեմական խորհրդի անդամներ Ռայեա Խուդավերդեանն ու Նապիկ Մելիքեանը եւ Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Տարօն Տէր-Մարտիրոսեանը։
Հանդիպման աւարտին հիւրերը շրջայց կատարեցին Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցի, «Ներսէս Շնորհալի» գրադարան, փաստաթղթերի եւ ձեռագրերի վերականգնման աշխատանոց եւ Վանքի զբօսաշրջիկական բաժիններ։ Ասպրամ Կրպէյեանը գրառում կատարեց «Խաչատուր Կեսարացի» թանգարանի յատուկ հիւրերի մատեանում։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային Առաջնորդարանի