Չորեքշաբթի՝ յունւարի 30-ի կէսօրից յետոյ ժամը 4-ին, Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ շնորհաւորանքներ փոխանցելու նպատակով, Ս. Ամենափրկչեան Վանք այցելեցին Սպահանի նահանգապետ Ալիռեզա Զաքեր-Էսֆահանին, արտաքին գործոց նախարարութեան Սպահան նահանգի ներկայացուցչութեան նախագահ Մոհամմադռեզա Քառշենասը եւ նահանգապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ:

   Նահանգապետին եւ նրա ընկերակիցներին առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում ջերմ դիմաւորեցին` Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Թեմի Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետեր` Աշոտ Դաւթեանը, Նոէլ Մինասեանը եւ Արշալոյս Խուդավերդեանն ու Կրօնական Խորհրդի անդամներ` Գարեգին Մարկոսեանը եւ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը: 

   Սկզբում առաջնորդ Սրբազան Հայրը հանդէս եկաւ բարիգալստեան եւ ողջոյնի խօսքով, որից յետոյ` խաղաղութիւն ցանկանալով աշխարհի, ի մասնաւորի Սիրիայի համար` աւելացրեց, թէ Քրիստոսը Բեթղեհէմից մեզ համար խաղաղութեան, սիրոյ, համերաշխութեան եւ արդարութեան պատգամ բերեց, սակայն դժբախտաբար այսօր մարդիկ մոռանալով Քրիստոսի պատգամը` հեռանում են Աստծու ներկայութիւնից, եւ այդ պատճառով անիրաւութիւններ են տիրում աշխարհում: Սրբազան Հայրն իր արտայայտութեան աւարտին շնորհաւորանքի խօսք ուղղեց` իսլամ կրօնի մարգարէի ծննդեան տօնի եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան 34-րդ տարեդարձի կապակցութամբ:

   Այնուհետեւ նահանգապետ Ալիռեզա Զաքեր-Էսֆահանին շնորհաւորանքներ եւ բարեմաղթութիւններ փոխանցելով Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ` անդրադարձաւ Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի կատարած աշխատանքներին ու նշելով համաշխարհային նոր քաղաքական կացութիւնը` յոյժ կարեւոր համարեց ներկայ ժամանակաշրջանում միաստւածեան կրօնների փոխըմբռնման շրջագծում կազմակերպւող միջոցառումները:

   Հանդիպման շարունակութեան մէջ պրն. նահանգապետը կարեւորութեամբ ընդգծելով Իրանի նկատմամբ կիրառւած տնտեսական շրջափակման հետեւանքների դիմագրաւման ուղղութեամբ նախատեսւած ելքերն ու միջոցները` ուրախութեամբ նշեց Իրանի, ի մասնաւորի Սպահանի գիտնականների ձեռքբերումները` տնտեսական շրջափակման ժամանակահատւածում:

   Նահանգապետ Զաքեր-Էսֆահանիի արտայայտութիւններից յետոյ, կազմակերպւած հիւրասիրութեան ընթացքում, մտերիմ մթնոլորտի ներքոյ, շարունակւեց զրոյցը եւ Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանն անդրադառնալով Իրան-Հայաստան յարաբերութիւնների կարեւորութեանը, առաջարկեց Երեւան-Սպահան քոյր քաղաքների միջեւ աւելի սերտ յարաբերութիւններ ստեղծել եւ առ հասարակ Իրան-Հայաստան յարաբերութիւններն առաւել զարգացնել: Նահանգապետ Զաքեր-Էսֆահանին ընդառաջելով առաջարկին` Թեմի ներկայացուցիչների հետ պայմանաւորւեց, որ Իսլ. Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի, Իրանում Հայաստանի դեսպանատան եւ Սպահանի Հայոց Թեմի ներկայացուցիչների մասնակցութեամբ, մօտ ապագայում գործնական աշխատանքներ ձեռնարկի նշւած յարաբերութիւնների բազմակողմանի զարգացման կապակցութեամբ:

{gallery}news/2013-01-January/nahangapet_ayx{/gallery}