Շաբաթ՝ 2013 թւականի յունւարի 5-ի ճաշւայ ժամը 12:00-ին, Ս. Ամենափրկչեան Վանք այցելեցին Սպահան քաղաքի քաղ-խորհրդի ատենապետ պրն. Հաջռասուլիհան եւ 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասառզադեգանը:

   Հիւրերն ընդունելութիւն գտան Ս.Ա. Վանքի Ծաղկեայ դահլիճում: Հանդիպմանը ներկայ էին թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Դիւանիատենապետ պրն. Աշոտ Դաւթեանը, Թեմական Խորհրդի ատենապետ. պրն. Նոէլ Մինասեանը, Կրօնական Խորհրդի ատենապետ պրն. Արշալոյս Խուդավերդեանը եւ արժն. Տ. Մեսրոպ քհնյ. Գալստանեանը:

   Սկզբում գերշ. Սրբազան Հայրը բարիգալստեան խօսք ուղղեց հիւրերին եւ գովասանքով արտայայտւեց քաղաքապետարանի եւ քաղ-խորհրդի գործունէութեան վերաբերեալ՝ նրանց աշխատանքների յաջողութեան արգասիքը համարելով Սպահան քաղաքի բարօր եւ ծաղկուն կարգավիճակը: Առաջնորդ Սրբազան Հայրն անդրադառնալով միաստւածեան կրօնների համակեցութեան եւ բարի-դրացիական յարաբերութիւններին, յիշեցրեց, որ նկատի առնելով իսլամական սուգի օրերի զուգադիպումը 2013 թւականի ամանորեայ օրերին, Առաջնորդարանի կողմից հայ համայնքին յայտարարւել է տօնական միջոցառումներն աւելի զուսպ եւ պատշաճ կազմակերպել՝ յարգելով իսլամական սգոյ օրերի տրամադրութիւնը:

   Քաղ-խորհրդի ատենապետ պրն. Հաջռասուլիհան շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, իր շնորհաւորանքները փախանցեց առաջնորդ Սրբազան Հօրը, ազգային մարմիններին եւ հայ համայնքին՝ Ամանորի եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առթիւ եւ դրւատանքով արտայայտւեց Առաջնորդարանի կեցւածքի եւ գործունէութեան մասին:

   5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասառզադեգանը, շնորհաւորանքներ փոխանցելուց յետոյ, իբրեւ առաւել ծանօթացում՝ մանրամասն տեղեկութիւններ փոխանցեց պրն. Հաջռասուլիհայի անցեալի եւ ներկայի գործունէութեան եւ վարած պաշտօնների մասին:

   Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Նոէլ Մինասեանը, գոհունակութիւն յայտնելով հայհամայնքի նկատմամբ Սպահանի պետական մարմինների տածած ուշադրութեան համար, Նոր Ջուղայի, յատկապէս Ս. Ամենափրկչեան Վանքի շրջապատի անվտանգութեան, մասնաւորաբար բարեկեցութեան, հնագիտական արժէքի պահպանման եւ հայկական թաղամասերում մեծ թւով ճաշարանների գոյացման թողած բացասական ազդեցութիւնների ուղղութեամբ մի շարք մտահոգութիւններ փոխանցեց հիւրերին, ովքեր նկատի ունենալով խնդիրների լրջութիւնը, խոստացան այդ պարագաները յատուկ ուշադրութեան արժանացնել եւ պատշաճ որոշումներ կայացնել:

   Հանդիպման աւարտին, պետական հիւրերը յուշանւէր յանձնեցին Առաջնորդարանին, որից յետոյ պատւիրակութիւն նայցելեց Ս. Ամենափրկչեան Վանքի «Խաչատուր Կեսարացի» թանգարանը եւ Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցին, որտեղ նրանց համապատասխան բացատրութիւններ փոխանցւեց: Թանգարան այցելած բարձրաստիճան հիւրերին յատուկ յուշամատեանում իր տպաւորութիւնների մասին արձանագրութիւն թողեց պրն. Հաջռասուլիհան:

{gallery}news/2013-01-January/Kagh-Ayts/Galery{/gallery}