Չորեքշաբթի՝ 2012 թւականի նոյեմբերի 14-ին, Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի հրաւէրով, Նոր Ջուղա ժամանեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը՝ ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի: Երեկոյեան ժամը 5:30-ին, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան առաջնորդանիստ Վանքում, հիւրերին ջերմ դիմաւորեցին՝ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, քահանայից դասը եւ Թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները:
Սկզբում ծաղիկ տեղադրելով Վանքի շրջափակում գտնւող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտ՝ տկն. նախարարն ու միւս ներկաներն իրենց յարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի յիշատակին, որից յետոյ հիւրընկալների ուղեկցութեամբ մշակոյթի նախարարն այցելեց Վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցին եւ «Խաչատուր Կեսարացի» թանգարանը, ուր նրան բացատրութիւններ փոխանցւեցին եկեղեցու պատմական անցեալի եւ թանգարանում տեղադրւած իրերի մասին: Թանգարան կատարած այցելութեան աւարտին տկն. Յակոբեանն իր տպաւորութիւնները գրանցեց բարձրաստիճան այցելուների համար նախատեսւած յուշամատեանում: Այնուհետեւ առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում տեղի ունեցաւ պաշտօնական հանդիպում ՀՀ մշակոյթի նախարարի եւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր, հոգեւորականաց դասի, Թեմի Պատգամաւորական Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների անդամների ու շրջանի Հայ Դատի Յանձնախմբի եւ միութիւնների ներկայացուցիչների միջեւ:
Հանդիպման սկզբում Սրբազան Հայրն ազգային իշխանութեան, միութիւնների ու ազգային այլ կառոյցների անունից բարի գալուստ մաղթեց տկն. նախարարին եւ անդրադառնալով Սպահանի Հայոց Թեմի անցեալին՝ նշեց Թեմի միջոցով իրականացւած մի շարք հայրենանպաստ աշխատանքներ եւ այսպէս աւելացրեց. «Մեր Թեմն առաջիններից է եղել, որ յանձնախումբ կեանքի կոչելով՝ Արցախում վերաբնակեցման ծրագիր է իրագործել եւ ներդրումներ է կատարել Արցախում ու Հայաստանում: Եւ այս բոլոր աշխատանքները կատարւել են՝ միայն Հայրենիքի հզօրացման համար»:
Այնուհետեւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը Նոր Ջուղայի մասին դրւատանքով արտայայտւելով՝ իր տպաւորութիւնները փոխանցեց Ս. Ամենափրկչեան Վանքի եկեղեցի եւ թանգարան կատարած այցելութեան կապակցութեամբ: Տկն. Պօղոսեանն իր խօսքի շարունակութեան մէջ անդրադառնալով Իրան կատարած իր այցի նպատակներին, որն եղել էր՝ հանդիպել Իրանում մշակոյթի զարգացման գործում բոլոր դերակատար գերատեսչութիւններին, այսպէս շարունակեց, թէ մշակութային յարաբերութիւնների առումով Հայաստանի եւ Իրանի միջեւ որեւէ խնդիր չկայ ու դրանք զարգանում են իրականացւած մի շարք բաւականին գործունեայ ու արդիւնաւէտ ծրագրերի եւ Իրանում ապրող հայ համայնքի ներդրումների շնորհիւ: Տկն. Պօղոսեանը տեղեկութիւններ փոխանցեց նաեւ վերջին տարիների ընթացքում Հայաստանում իրագործւած մշակութային ոլորտին առնչւող աննախադէպ ծրագրերի կապակցութեամբ:
Նախարար Յասմիկ Պօղոսեանի արտայայտութիւններից յետոյ, հանդիպումն ընթացաւ տեսակէտների եւ յուզող խնդիրների փոխանակմամբ: Հանդիպման աւարտին նախարարին նւիրւեց Ս. Ամենափրկչեան Վանքի պատկերով Սպահան քաղաքի ձեռարւեստին պատկանող մի յուշանւէր եւ «Պատմութիւն Նոր Ջուղայի» գիրքը՝ ձեռամբ առաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանի, իսկ տկն. Պօղոսեանը նոյնպէս հայկական թռչնատառերով զարդարւած յուշանւէր եւ մէկ գիրք նւիրեց Թեմին:
Նոյն օրը, երեկոյեան ժամը 7:30-ին, ՀՀ մշակոյթի նախարարը, ընկերակցութեամբ դեսպան Գրիգոր Առաքելեանի եւ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդի ու ազգային մարմինների ներկայացուցիչների, այցելեց Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» Միութիւն, որտեղ Միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում:
Թեմի ժողովրդի կողմից հիւրերին ջերմ դիմաւորելուց յետոյ, սկիզբ առաւ այս առիթով կազմակերպւած միջոցառումը՝ օրւայ հանդիսավար Նայիրի Թահմազեանի ողջոյնի եւ բարիգալստեան խօսքով: Հանդիսավարի բացման խօսքին յաջորդեցին Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանի արտայայտութիւնները:
Պրն. Մինասեանը Թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ողջունելով ՀՀ մշակոյթի նախարարի ներկայութիւնը Նոր Ջուղայում, անդրադարձաւ Նոր Ջուղայի պատմական համայնքի դերակատարութեանը՝ հայ ժողովրդի մշակոյթի ասպարէզում, եւ այսպէս շարունակեց. «Փառք ու պատիւ մեր նախնիներին, որոնք ժամանակին պետականութիւնից զրկւած՝ մտածեցին ապաւինել ամենակարեւոր զէնքին՝ մշակոյթին, իրենց գոյութիւնն երաշխաւորելու համար: Նոր Ջուղայի հիմնադրման առաջին օրւանից ստեղծւել են մշակութային արժէք ներկայացնող կոթողներ, որոնք յետագայում ծառայել են մեր ժողովրդի հոգե-մտաւոր զարգացմանը, կրօնական ու ազգային դաստիարակութեանը եւ այսօր ունեն նաեւ համաշխարհային նշանակութիւն ու համբաւ»: Պրն. Մինասեանն ողջունելով Իրանի պետութեան այն աշխատանքները, որոնք կիրառւում են հայկական կոթողները պահպանելու եւ հովանաւորելու համար, աւելացրեց. «Ի տարբերութիւն մեր ժողովրդի թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք ծրագրւած կերպով ոչնչացնում են հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնները, Իրանում մեր պատմա-մշակութային ժառանգութիւնների պահպանման համար՝ պետականօրէն լուրջ ծրագրեր են մշակւում»: Թեմական Խորհրդի ատենապետն իր խօսքի աւարտին ցանկացաւ, որ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը նոյնպէս օգտակար հանդիսանայ, որպէսզի հայ ժողովրդի պատիւը եւ մշակութային արժէքները ներկայացնող համայնքը՝ Նոր Ջուղան, իր բոլոր կառոյցներով գտնւի առաւել բարւոք իրավիճակում:
Այնուհետեւ արտայայտւեց նաեւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը: Պրն. Առաքելեանը հպարտութեամբ յայտարարելով, որ հայ-իրանական յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ, որը վերաբերում է ո՛չ միայն տնտեսական եւ քաղաքական ոլորտներին, այլեւ՝ մշակութային ոլորտին, ուրախութեամբ թւարկեց վերջին մի քանի օրերի ընթացքում Իրան եւ Հայաստան երկրների միջեւ ստորագրւած մի շարք պայմանագրեր:
Ծրագրի շարունակութեան մէջ գեղարւեստական բաժնում գեղեցիկ կատարումներով հանդէս եկան Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Մշակութային Միաւորի «Կռունկ» ասմունքի ու պարի համոյթի եւ էստրադային խմբի անդամներն ու Ս. Ամենափրկչեան Վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի մենակատարները՝ ղեկավարութեամբ Ռիմա Սիմոնեանի, Արմէն Ամիրխանեանի եւ Նոնա Բախշեանի: Ծրագրում ելոյթ ունեցան «Արարատ» Միութեան էստրադային խմբի անդամներ՝ Նայիրի Ղազարեանը՝ «Երեւան», Լեւիկ Խաչատրեանը՝ «Յիս քու ղիմէթն չիմ գիդի» եւ Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երիտասարդական երգչախմբի մենակատարներ՝ Թանիա Մինասեանը՝ «Նոր Հայաստան» եւ Վանա Շիրւանեանը՝ «Հայաստան աշխարհ» երգերով: Ելոյթ ունեցան նաեւ «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Մանիա Ղուկասեանը՝ «Կը գամ», Ալինա Տէր-Սուքիասեանը՝ «Աշխարհումս ախ չիմ քաշի» եւ Լեռնիկ Ծատուրեանը՝ «Հայրենիք» բանաստեղծութիւններով: Իսկ ծրագրի ընթացքում «Կռունկ» պարախումբը ներկայացրեց «Նազանի» եւ «Սայեաթ Նովա» պարային կատարումները:
Գեղարւեստական բաժնին յաջորդեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի խօսքը: Նա գնահատելով գեղարւեստական կատարումները՝ այսպէս շարունակեց. «Այս համերգից յետոյ խօսելը շատ դժւար է, քանի որ ինձ մի պահ թւաց, թէ այս համերգը տեղի է ունենում Հայաստանում եւ ո՛չ թէ Նոր Ջուղայում: Դա այն երազելի համերգներից էր, որտեղ ուզում ես լսել կենդանի ձայն եւ պարզ ու անկեղծ խօսք ու կատարում՝ առանց ձեւականութեան»: Այնուհետեւ տկն. Պօղոսեանը դրւատանքով արտայայտւեց Նոր Ջուղայի մասին եւ անդրադառնալով նոր-ջուղայեցիների դերակատարութեանը՝ հայկական եւ իրանական պատմութեան մէջ, ներկաներին մի շարք տեղեկութիւններ փոխանցեց Իրան կատարած իր պաշտօնական այցի նպատակների եւ ձեռքբերումների կապակցութեամբ: ՀՀ մշակոյթի նախարարն իր խօսքի աւարտին ցանկացաւ, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միշտ լինի խաղաղութեան մէջ եւ Հայաստանի Հանրապետութեան անունը միշտ օրհնեալ լինի:
Որպէս եզրափակիչ խօսք, իր հայրական օրհնանքը փոխանցեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը: Սրբազան Հայրը ողջունելով ՀՀ մշակոյթի նախարարի ներկայութիւնը Նոր Ջուղայում, այսպէս արտայայտւեց. «Նոր Ջուղան իր մշակոյթով, 400-ամեայ պատմութեամբ, սրբութիւններով ու արժէքներով պատկանում է ո՛չ միայն իրանահայութեանը, այլեւ՝ ողջ հայութեանը, եւ ողջ հայութիւնը հպարտանում է այս սրբութիւններով ու արժէքներով: Եւ մենք որպէս մեր նախնիների ժառանգորդներ, պարտականութիւն ունենք այս բոլորի տէրն ու պաշտպանը լինել»: Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին ուրախութիւն յայտնելով ՀՀ մշակոյթի նախարարի Նոր Ջուղա կատարած այցի կապակցութեամբ, ասաց. «Այս Թեմում բազմաթիւ աշխատանքներ են կատարւում Հայաստանի եւ Հայաստանի պետականութեան հզօրացման համար, որպէսզի Հայաստանը եւ հայ ժողովուրդն ապրի ու յաւե՛րժ ապրի»:
Ժողովրդական հանդիպմանը յաջորդեց հիւրերի պատւին կազմակերպւած ընթրիք-երեկոն, որը տեղի ունեցաւ Ս. Ամենափրկչեան Վանքում: