ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԻՐ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՒԵՑ ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՈՒՍՈՒՑԻՉ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԼԵՒՈՆ Գ. ՄԻՆԱՍԵԱՆԻՆ
Երեքշաբթի, յունւարի 8-ին, Նոր Ջուղայում, հոծ բազմութեան ներկայութեամբ, տեղի ունեցաւ վաստակաւոր ուսուցիչ եւ ազգային-հասարակական գործիչ Լեւոն Գ. Մինասեանի ազգային յուղարկաւորութիւնը, որն իր մահկանացուն էր կնքել 2012 թւականի դեկտեմբերի 31-ին՝ 92 տարեկան հասակում:
Թաղման եկեղեցական արարողութիւնը տեղի ունեցաւ առաւօտեան ժամը 11-ին, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգսեանի եւ մասնակցութեամբ՝ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի ու հոգեւորականաց դասի: Հանգուցեալի հարազատներից բացի, թաղման արարողութեանը ներկայ էին նաեւ Իսլ. Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահանի նահանգապետարանի, Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան Հիմնարկի, Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի եւ Կրօնական Փոքրամասնութիւնների Գրասենեակի բարձրաստիճան պաշտօնատարներ, Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների ու ենթամարմինների, շրջանի Հայ Դատի Յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչներ ու հոծ թւով հայ եւ պարսիկ հայրենակիցներ:
Եկեղեցական կարգի աւարտին գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգսեանը հանդէս եկաւ դամբանախօսութեամբ, որից յետոյ, գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը նախ ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ցաւակցագիրը, ապա անդրադառնալով հանգուցեալի կենսագրական գծերին՝ իր ցաւակցական խօսքն ուղղեց սգակիրներին:
Այնուհետեւ նորոգ հանգուցեալի դին տեղափոխւեց եկեղեցու բակ, որտեղ կարճատեւ արարողութիւնից յետոյ, դամբանախօսութեամբ հանդէս եկան հանգուցեալի որդի Սեպուհ Մինասեանը՝ հարազատների, Վրէժ Շիրւանեանը՝ Թեմի ազգային մարմինների, Արթին Մուրադեանը՝ գաղափարակից ընկերների եւ Հայկ Հայրապետեանը՝ Փերիոյ Կրթասիրաց Միութեան անունից, իսկ վերջում պարսկերէն լեզւով արտայայտւեց Իսլ. Խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը:
Վաստակաւոր ուսուցչի դին ամփոփւեց Նոր Ջուղայի հայոց ազգային գերեզմանատանը:
Վերադարձին Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան սրահում հանգուցեալի հարազատներն ընդունեցին ցաւակցութիւններ:
Հանգիստ՝ բազմավաստակ ուսուցչի աճիւններին: