Աղբիւր՝ www.iranahayer.com
Շաբաթ 21 Դեկտեմբեր 2013-ին, պաշտօնական հանդիպումով Թեմական բոլոր կառոյցների անունից, Ազգային Իշխանութեան Պատգամաւորական Ժողովի, Թեմական Խորհրդի ու յարակից բոլոր Մարմինների անունից, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը շնորհաւորական բարեմաղթութիւններ ներկայացրեց Արեւելեան Ատրպատականի նորընտիր նահանգապետ Դոկտ. Ջաբբարզադէի:
Երեկոյեան ժամը 6-ին, նահանգապետարանում կայացած պաշտօնական ընդունելութեան ներկայ գտնուեցին Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ Տոքթ. Արա Մելիքեանը, ատենադպրուհի Տիկ. Արմինէ Վահրամեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ Պրն. Ռուբիկ Ջանանեանը, ատենադպրուհի Տիկ. Անի Յակոբեանը, եւ Խորհրդի անդամներ՝ Տոքթ. Աշոտ Խզրիեանը, Պրն. Վարդան Աբրահամեանը եւ Պրն. Գագիկ Ջորջեանը: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Փոքրամասնութիւնների Բաժանմունքի պատասխանատու՝ Հիւսէյն Մուսաւի:
Նահանգապետին իր նոր պաշտօնում յաջողութիւն մաղթելուց յետոյ, Թեմակալ Առաջնորդը անդրադարձաւ Ատրպատականի Հայոց Թեմի գործունէութեան թէ՛ Արեւելեան եւ թէ՛ Արեւմտեան շրջաններում, Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքական ու ընկերային կեանքին հայ համայնքի գործօն մասնակցութեան, ու ընդհանրապէս երկրի բարգաւաճմանը վաղ ժամանակներից սկսած բերած նրա նպաստին:
Քրիստոնեայ-իսլամ երկխօսութիւնը կարեւորելով, Թեմակալ Առաջնորդը ասաց. «Միաստւածեան այս երկու կրօնների ծննդավայրը Միջին Արեւելքն է: Քրիստոնեայ եւ իսլամ, իրենց սկզբնական շրջանից մինչեւ այսօր միասին են ապրում: Ներկայ միջ-կրօնական ժամանակաշրջանում մի ուրիշ կարեւոր անելիք ունեն այս երկու կրօնները: Դա, մարդկութեան կեանքը ապականող բոլոր տեսակի դժւարութիւնների դէմ պայքարելն է: Լի֊նեն դրանք քաղաքական խնդիրներ, ընկերային խնդիրներ թէ բարոյական սայթաքումներ: Ահա թէ ինչպէս այս երկու կրօնները կարող են համագործակցել: Իրար կողքին ապրելը բաւարար չի՛, պէտք է համագործակցել, մարդկութեան բարիքի համար»,-շեշտեց Թեմակալ Առաջնորդը:
Դոկտ. Ջաբբարզադէ, իր հերթին, շնորհակալութիւն յայտնելով սոյն այցի ու բարեմաղթանքների համար, գովասանքով արտայայտւեց Ատրպատականի հայութեան ու ընդհանրապէս Իրանահայութեան դրական ու շինիչ ներկայութեան, եւ իր ամբողջական զօրակցութիւնը խոստացաւ, Նահանգում հայութեան կեանքն աշխոյժ պահելու համար: Նա անդրադարձաւ հայերի հետ իր գործակցութեան, յատկապէս Իրանի Իսլամական Խորհրդարանում պատգամաւորի իր տարիներին, ինչպէս նաեւ Թաւրիզում հայկական թաղամասերում բնակւած շրջանին:
Նահանգապետ Ջաբբարզադէ դրւատիքով խօսեց նաեւ Իրանի Իսլամական Խորհրդարանի հայ պատգամաւորների մասին, որոնք իրանցու չափ ու երբեմն աւելի Իրանի իրաւունքների պաշտպան են հանդիսանում: Նա կարեւորութեամբ շեշտեց նաեւ, թէ Իրանահայ համայնքը անկախ իր կրօնական, ազգային ու լեզւական տարբերութեան, ի պահանջել հարկին երկրի սահմանների պաշտպանութեան համար արեան գնով իր քաղաքացիական պարտականութիւնը կատարել է: Նա իր ուրախութիւնը յայտնեց նաեւ Ատրպատականում հայերի ձեռք բերած որակեալ արդիւնքների համար՝ կրթական բնագաւառում, արւեստներում թէ արհեստներում, ու խոր ցանկութիւն յայտնեց բոլոր միջոցներով պահպանելու որակաւոր հայութեան պատւական ներկայութիւնը տարածաշրջանում:
Հանդիպման ընթացքում Թեմակալ Առաջնորդի եւ Թեմական Խորհրդի ատենապետ Պրն. Ջանանեանի կողմից ներկայացւեցին մի շարք խնդիրներ, որոնք յառաջիկայում պիտի նպաստեն Ատրպատականի Հայոց Թեմի զաւակների կեան֊քը աւելի հեզասահ դարձնելու: Ապա, որպէս յուշանւէր, Նահանգապետին յանձնւեց Հայկական Մանրանկարչութեան կերպերով Շնորհաւորագիր, որի վերեւի խորանը զարդարում էին Արտազու Ս. Թադէի ու Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայ վանքերը՝ համայն Իրանում հնագիտական բարձր արժէք ունեցող պատմական կոթողները: