Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Աշխարհի տարբեր մասերում ապրող իմ թանկագի՛ն քոյրեր եւ եղբայրներ,

Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ եւ մաղթում, որ 2014 թւականը լինի կայունութեան, վերելքի, ձեր երազանքների իրականացման տարին:

Վստահ եմ, որ գալիք տարում ձեր հայրենանւէր գործունէութեամբ, ձեր նւիրումով ու միասնական գործակցութեամբ էլ աւելի կը համախմբւի Սփիւռքը, եւ կեանքի կը կոչւեն բազում հայանպաստ ձեռնարկներ:

Համոզւած եմ, որ 2014-ը կը լինի զբօսաշրջութեան զարգացման տարի. Հայրենիք չայցելած իւրաքանչիւր հայ կը գայ եւ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին իր գլուխը կը խոնարհի անմեղ զոհերի յիշատակի առաջ եւ առաւել կը ճանաչի իր Հայրենիքը:

Հայրենիքը կանչում եւ սպասում է ձեզ:

Կասկածից վեր է, որ տարբեր ոլորտներում ներդրւող մեր ջանքերը պէտք է ուղղորդենք՝ հզօրացնելու մեր Հայրենիքը, ամրապնդելու Հայաստանի եւ Արցախի անվտանգութիւնը:

Սիրելի´ բարեկամներ,

Մի կողմից մեր բոլորի հայեացքն ուղղւած է դէպի Սիրիա, եւ բոլորիս ցանկութիւնն է, որ օր առաջ դադարի արիւնահեղութիւնը, մեր հայրենակիցները գտնեն իրենց հոգու անդորրը: Միւս կողմից Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցներին աջակցելը իւրաքանչիւրիս պարտքն է ու պարտաւորութիւնը նրանց Հայրենիքում հաստատւելու, «Նոր Հալէպ» բնակարանաշինութեան ծրագիրը կեանքի կոչելու, մեր քոյրերին ու եղբայրներին Սիրիայում օգնելու համար:

Բոլորիս երազանքն է, որ Նոր Տարում ամենուր խաղաղութիւն լինի, եւ հանդուրժողականութիւնը, սէրն ու երջանկութիւնն ուղեկցեն իւրաքանչիւրիս:

Սիրելի´ հայրենակիցներ,

Մաղթում եմ ձեզ առողջ երկարակեցութիւն, հոգու մշտատեւ զւարթութիւն, աշխուժութիւն ու զօրացում՝ շարունակելու դժւարին, սակայն պատւաբեր ու ազգանպաստ ձեր առաքելութիւնը, որտեղ էլ որ գտնւելիս լինէք:

Թող գալիք տարին Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նւաճումների եւ նորանոր ձեռքբերումների տարի:

Թող Նոր Տարին զերծ պահի մեզ ամէն տեսակ փորձութիւնից, եւ յաջողութեամբ պսակւեն մեր բոլոր ազգանւէր գործերը:

Թող Սուրբ Ծննդեան լոյսն առաջնորդի աշխարհասփիւռ հայութեանը՝ ի բարօրութիւն եւ ի միասնութիւն Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Հայկական Սփիւռքի:

 

Սիրով եւ բարեմաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ