Երեքշաբթի՝ 2013 թւականի դեկտեմբերի 17-ի կէսօրից յետոյ ժամը 2:00-ին, Սպահան քաղաքի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Ասառզադեգանը, քաղաքապետարանի մի քանի պաշտօնեաների ընկերակցութեամբ, այցելեց Նոր Ջուղայի Հայոց Ազգային Ծերանոց: Հանդիպմանը ներկայ էին Սպահանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական Խորհրդի եւ Կալւածա-Տնտեսական Մարմնի ատենապետերն ու անդամները, եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան Միութեան Վարչութեան կազմը:
Ծերանոցի նախասրահում, նախքան տարեցներին հանդիպելը, Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց Ազգային Ծերանոցի կառուցման եւ անցեալի ու ներկայի աշխատանքների ու կառավարման վերաբերեալ: Ապա քաղաքապետը ծաղիկներով եւ նւէրներով այցելեց ծերանոցում բնակւող տարեցներին եւ իր ողջոյնի խօսքը փոխանցեց նրանց՝ առողջութիւն ու երկար կեանք մաղթելով:
Հայ Կանանց Գթութեան Միութեան Վարչութեան նախագահուհի տկն. Արմինէ Սիմոնեանը բարի գալուստ մաղթելով քաղաքապետին եւ նրան ընկերակցող պատւիրակութեան անդամներին՝ համապարփակ տեղեկութիւն փոխանցեց Միութեան հիմնադրութեան, գործունէութեան եւ մատուցած ծառայութիւնների մասին, որտեղ նշւած էր, որ Հայ Կանանց Գթութեան Միութիւնը հիմնադրութեան օրւանից սկսեալ, հաւատարիմ մնալով իր սկզբունքներին եւ յաղթահարելով բազմաթիւ դժւարութիւններ, փորձել է լաւագոյն կերպով օգտակար հանդիսանալ կարիքաւորներին ու տարեցներին, միաժամանակ իր գործօն մասնակցութիւնն է բերել համահայկական բնոյթ կրող բարեսիրական աշխատանքներին:
Պրն. Նոէլ Մինասեանը, յաւելեալ բացատրութիւն ներկայացնելով, շեշտեց, որ Հայ Կանանց Գթութեան Միութեան բոլոր անդամները սիրայօժար եւ նւիրումով լծւել են Միութեան աշխատանքներին եւ իրենց թանկագին ժամանակն առանց խնայողութեամբ յատկացրել են բարեսիրական, յատկապէս Ազգային Ծերանոցին առնչւող աշխատանքներին: Նրանց աշխատանքի շնորհիւ բարձր մակարդակի վրայ են գտնւում ծերանոցի առողջապահական եւ կենցաղային խնդիրները, որի պատճառով պետական մարմինների կողմից բազմիցս արժանացել են լաւագոյն գնահատնքների:
Ծերանոցի ներքին վարիչ տկն. Սեւանա Ղարախանեանը շնորհակալական խօսք փոխանցեց պրն. Ասառզադեգանին եւ հիւրերին, միաժամանակ գալիք նոր տարին շնորհաւորելով բոլորին՝ նրանց մաղթեց յաջողութիւն եւ նորանոր վերելքներ:
Հանդիպման աւարտին Հայ Կանանց Գթութեան Միութեան կողմից պատրաստւած ամանորեայ մրգերը յանձնւեցին հիւրերին, ովքեր կրկին անգամ տարեցներին արւեշատութիւն մաղթելով հրաժեշտ տւեցին նրանց: