Ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում, Սրբազան Պաշտպանութեան Շաբաթւայ առթիւ տեղի ունեցաւ Հոգեհանգստեան արարողութիւն՝ պատերազմի տարիներում Իրանի հողային ամբողջականութեան ճամբին իրենց կեանքը նւիրաբերած նահատակների հոգիների խաղաղութեան համար:
Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների նախաձեռնութեամբ կազմակերպւած այս արարողութիւնը մատուցւեց Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ, որին ներկայ էին նաեւ հոգեւորականաց դասը, Իրանի Իսլամական Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցիչները, հայ նահատակների հարազատները, «Քանանեան» աղջ. դպրոցի աշակերտութեան ներկայացուցիչները՝ ընկերակցութեամբ իրենց պատասխանատուների եւ հաւատացեալ ժողովուրդը:
Հոգեհանգստեան պաշտօնի ընթացքում յիշւեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակները, ի մասնաւորի Թեմիս նահատակւած զաւակների անունները, որոնց լուսանկարները տեղադրւել էին եկեղեցու խորանի առջեւ:
Արարողութեան աւարտին հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանն անդրադառնալով Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած նահատակներին՝ ասաց. «Նրանք մահն արհամարելով՝ իրենց պարտքը մատուցեցին երկրի հողային ամբողջականութեան համար: Նրանցից իւրաքանչիւրի սխրագործութիւնը պէտք է դառնայ մեզ առաջնորդող ուղի»:
Պատգամի վերջում հոգշ. Հայր Սուրբն իր, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի, ազգային մարմինների, պրն. Ռոբերտ Բեգլարեանի ու շրջանի Հայ Դատի Յանձնախմբի անունից ցաւակցական խօսք ուղղեց հայ նահատակների հարազատներին: