Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը Պատգամաւորական Ժողովի ընդունած որոշումների շրջագծում, 2013 թւականին ձեռնարկել է մի շարք շինարարական աշխատանքների, ըստ հետեւեալի.
Ն.Ջ. ՀԱՅ Մ.Մ. «ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹԵԱՆ ՇԱՀԻՆՇԱՀՐԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԿԵՆՏՐՈՆԱՏԵՂԻԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Նախորդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընդունած որոշման համաձայն՝ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի նախագծի գործադրման ուղղութեամբ, Թեմական Խորհուրդը հանդիպումներ է ունեցել Պատգ. Ժողովի Դիւանի եւ Կալւածա-Տնտեսական Յանձնաժողովի, Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան եւ Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Կենտ. Վարչութեան հետ, ուր համախորհուրդ վերջնականացել է շինարարական նախագիծը՝ կառուցել եռայարկ մի շէնք՝ արդի հնարաւորութիւններով եւ յարմարութիւններով, որը ծառայելու է Շահինշահրի հայ համայնքի երիտասարդների մարզա-մշակութային աշխատանքներին:
15 մարտ 2013 թւականին, Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ կատարւեց կենտրոնատեղիի հողօրհնէքի արարողութիւնը, որին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճնանեանը, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հոծ թւով ազգայիններ ու հայորդիներ՝ Նոր Ջուղայից եւ Շահինշահրից:
Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիի շինարարական աշխատանքն սկսելու նպատակով Թեմական Խորհուրդը 21 ապրիլ 2013-ին մրցոյթ յայտարարեց, որով Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ կապալառուները հրաւիրւել են մասնակցելու սոյն նախագծի իրագործմանը: Մրցոյթի համար ներկայացւած յայտերն ուսումնասիրելու նպատակով կեանքի էր կոչւել յանձնախումբ՝ բաղկացած Թեմական Խորհրդի եւ Կալւածա-Տնտեսական Մարմնի երեքական ներկայացուցիչներից, որն ընտրեց համապատասխան տւեալներն ունեցող կապալառուին: Կենտրոնատեղիի կառուցման աշխատանքն սկսւել է 2013 թւականի սեպտեմբերին եւ ընթացքի մէջ է:
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Թեմական Խորհուրդը հետամուտ է եղել Հայոց Ազգ. Կրթահամալիրի տարրական բաժնի դասարանների պակասը լրացնելու գործին: Այս ուղղութեամբ Խորհուրդը բազմիցս այցելել է Կրթահամալիր եւ խորհրդակցութիւններ ունեցել Պատգ. Ժողովի Դիւանի, Կալւածա-Տնտեսական Յանձնաժողովի, Կրթական Խորհրդի, դպրոցների պատասխանատուների եւ մասնագէտ անձանց հետ: Երկարատեւ աշխատանքից յետոյ, ուսումնասիրելով Կալւածա-Տնտեսական Յանձնաժողովի եւ շինարարական ասպարէզում մասնագիտութիւն ունեցող համայնքի անդամների ներկայացրած նախագծերը, որոշեց Կրթահամալիրի հիւսիսային բակի արեւելեան բաց տարածքում կառուցել նոր դասարաններ: Այս ուղղութեամբ կատարւեցին նախնական բոլոր աշխատանքները՝ գծագրութեան յանձնւեց քարտէզը, նշանակւեց գործի կապալառուն եւ կարգաւորւեց ընթացիկ այլ աշխատանքները:
«Արմէն» դպրոցի շինարարական նախագծի իրագործման աշխատանքն սկսել է 2013-ի յունիսի վերջերից եւ արագ թափով իրագործւում է. կառուցւել է երկյարկանի շէնք՝ 4 դասարաններով եւ արդի յարմարութիւններով, որոնք օգտագործման կը յանձնւեն 2013-2014 ուսումնական տարեշրջանից սկսեալ՝ աւելի յարմար միջավայր ստեղծելով նոր սերնդի հայեցի-կրթական դաստիարակութեան համար:
Միաժամանակ հիմնական նորոգութեան են ենթարկւել «Արմէն» տարրական բաժնի հին շէնքի վթարային միջանցքը եւ դպրոցի պահակի բնակարանը:
2013 թւականի սեպտեմբերի 10-ին, թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը եւ Թեմական Խորհրդի ատենապետը՝ Թեմական ու Կրթական խորհուրդների անդամների ընկերակցութեամբ այցելել են շինարարութեան վայր եւ մօտկից ականատես եղել աշխատանքի զարգացման ընթացքին: