Օգոստոսի 7-ին, Նոր Ջուղայի 13 աշակերտներ, ուսուցչուհիներ՝ Ռիմա Սիմոնեանի եւ Սեդա Դիլանչեանի գլխաւորութեամբ, մեկնեցին Հայաստան՝ Հայագիտական Համահայկական 6-րդ Օլիմպիադային մասնակցելու նպատակով: ՀՀ Կրթութեան Եւ Գիտութեան Նախարարութեան կազմակերպած սոյն միջոցառմանն այս տարի մասնակցել էին 8 երկրներից 150 դպրոցականներ:

Հայագիտական Համահայկական 6-րդ Օլիմպիադան ընդգրկում էր հարցեր՝ հայոց լեզւից, գրականութիւնից, հայոց պատմութիւնից եւ հայ մշակոյթի պատմութիւնից, իսկ առաջին անգամը լինելով՝ անցկացւեց  նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատմութեան մրցոյթը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական Դաստիարակութեան Կենտրոնի հովանւորութեամբ եւ աջակցութեամբ: 

Օլիմպիադան տեղի ունեցաւ օգոստոսի 9-ից մինչեւ 15-ը՝ Ծաղկաձորում եւ արդիւնքների ամփոփումից յետոյ, Նոր Ջուղայի աշակերտներն իրենց բարձր պատրաստւածութեան շնորհիւ կարողացան վաստակելով բարձրագոյն թւով մրցանակներ՝ 8 դիպլոմ եւ  22 պատւոյ գիր ու շնորհակալագիր, ճանաչւել որպէս յաղթող եւ իրաւարար կազմի կողմից գնահատւել որպէս ամենակազմակերպ եւ օրինակելի խումբը: