Երկուշաբթի՝ 2013 թւականի մայիսի 27-ին, Ս. Հռիփսիմեանց կոյսերի տօնին, Նոր Ջուղայի Ս. Կատարինեան Մենաստանի եկեղեցում սուրբ եւ անմահ Պատարագ տեղի ունեցաւ նախագահութեամբ Սպահանի Հայոց Թեմի բարեջան առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի: Պատարագիչն էր արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը: Ներկայ էին հոգեւորականաց դասը եւ հաւատացեալներ:

Յընթացս Ս. Պատարագի, բնաբան ունենալով «Ով ինձ դաւանի մարդկանց առաջ, ես էլ նրան կը դաւանեմ Իմ Հօր առաջ» աւետարանական հատւածը, յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը՝ անդրադառնալով Հռիփսիմեանց կոյսերին ու նրանց ապրած հաւատին եւ Ս. Կատարինեան Մենաստանում անցեալում ապրած կոյսերին ու նրանց ծաւալած գործունէութեանը: Գերշ. Սրբազան Հայրն իր խօսքում յիշեց նաեւ մայիսեան յաղթանակի նախօրէին հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարների ընթացքում հաւատով եւ յոյսով լեցուն սխրագործութիւները:

Ս. Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Ջրօրհնէքի եւ ապա Հոգեհանգստեան արարողութիւն՝ Ս. Կատարինեան Մենաստանի կոյսերի, Ն.Ջ. Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան վախճանւած անդամների եւ բարերարների, ու նաեւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի ընթացքում զոհւած հերոսների հոգիների խաղաղութեան համար:

Եկեղեցական Արարողութիւնից յետոյ, Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան հաւաքատեղիի սրահում կազմակերպւել էր հիւրասիրութիւն, որի ընթացքում Ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամները ներկայացրեցին զանազան ասմունքներ: Ներկաները վայելեցին նաեւ մի քանի երգերի կատարումներ: Արժն. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը շնորհակալական խօսք ուղղեց Հայուհեաց Բարեգործական Ընկերութեան անդամներին՝ օրւայ արարողութեան եւ ընդունելութեան դասաւորութիւնները տալու համար, որից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքով եզրափակեց ձեռնարկը: