Կիրակի, 2013 թւականի մայիսի 5-ին, Շահինշահրում, յառաջացած տարիքում եւ երկարատեւ մաշեցնող հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց Սպահանի Հայոց Թեմում շուրջ 4 տասնամեակ ծառայած հոգեւորական, 92-ամեայ արժն. Տ. Փառէն աւ. քհնյ. Միրզախանեանը:

Հանգուցեալ Տէր Հօր յուղարկաւորութեան կարգը կատարւեց երեքշաբթի, մայիսի 7-ին, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում. այն եկեղեցում, որտեղ նա ձեռնադրւել էր որպէս քահանայ եւ սկսել իր ծառայական կեանքը: Առաւօտեան ժամը 9:30-ին, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ: Եկեղեցում ներկայ էին հոգեւորականաց եւ դպրաց դասերը, Թեմի ազգային մարմինների ներկայցուցիչներ, հանգուցեալի հարազատները եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ՝ Թեմի տարբեր շրջաններից եւ Թեհրանից:

Ս. Պատարագին նախագահեց Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը:

Յընթացս Ս. Պատարագի, «Ողջոյն»-ի պահից առաջ, արժն. Տ. Փառէն աւ. քհնյ. Միրզախանեանի դագաղը քահանայ հայրերի եւ սարկաւագների միջոցով եկեղեցու ատեանից բերւեց Ս. Խորան, որտեղ իր հոգեւոր եղբայրներից ու բարեպաշտ ժողովրդից հրաժեշտ առաւ հանգուցեալ Տէր Հայրը: Այնուհետեւ հոգշ. Հայր Սուրբը Ս. Միւռոնով օծեց նրա ճակատն ու աջը՝ վերջին օծումը տալով նրան:

Խորհրդի կատարումից յետոյ, հոգշ. Հայր Սուրբն իր քարոզի մէջ ընդհանուր գծերով ներկայացրեց հանգուցեալի կենսագրականը եւ բարձր գնահատելով Տէր Հօր թողած վաստակը, ազգասէր, հայրենասէր ու Աստծուն նւիրւած նրա նկարագիրն եւ կեցւածքը, ասաց. «Հանգուցեալ Տէր Հայրը, իր հոգեւորականի ծառայութեան ընթացքում, եղաւ հաւատարիմ, պարտաճանաչ եւ ժրաջան այն անձը, ով ամբողջութեամբ նւիրւեց իր ազգին եւ ժողովրդին՝ վերահասու լինելով նրանց հոգեւոր կարիքներին, եւ անթերի ու անընդմէջ կերպով կատարեց կրօնական-եկեղեցական ծիսակատարութիւնները: Նա իր կենսուրախութեամբ եւ առոյգ բնաւորութեամբ՝ բարի ու տրամադրութիւն ստեղծող ազդեցութիւնն էր սփռում իր շուրջ, եւ մինչեւ իր կեանքի աւարտը պատասխանատու կեցւածքով՝ մաքուր պահեց հոգեւորականի իր կոչումը»:

Այնուհետեւ հոգեւորականաց դասն իր վերջին հրաժեշտն ու համբոյրը փոխանցեց հանգուցեալ Տէր Հօրը, ապա դագաղը կրկին տեղափոխւեց եկեղեցու ատեան եւ առիթ տրւեց ժողովրդին՝ իր հրաժեշտը տալու նրան:

Յուղարկաւորութեան արարողութիւնից յետոյ, հանգուցեալի դին տեղաւորւեց եկեղեցու բակում, որտեղ նրա հարազատների կողմից ընթերցւեց դամբանական, որի մէջ անդրադառնալով Տէր Հօր անհատական իւրայատկութիւններին՝ շնորհակալութիւն էին յայտնել բոլոր սկագիրներին՝ ներկայութեան համար: 

Արժն. Տ. Փառէն աւ. քհնյ. Միրզախանեանի դին, հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ Թեմի բոլոր քահանայ հայրերի մասնակցութեամբ, ամփոփւեց Նոր Ջուղայի Հայոց Ազգային Գերեզմանատանը:

Վերադարձին, Ս. Ստեփանոս եկեղեցու սրահում, Գաղափարակից ընկերների անունից արտայայտւեց պրն. Թաթուլ Օհանեանը, իսկ Կրօնական  Խորհրդի եւ հոգեւորականաց դասի կողմից՝ արժն. Տ. Մեսրոպ աւ քհնյ. Գալստանեանը: 

Հանգիստ՝ բազմավաստակ Տէր Հօր աճիւններին: