" https://www.alikonline.ir "

 

«ԱԼԻՔ» – Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանի «Ռոստամ եւ Սոհրաբ» 2 գործողութեամբ օպերայի պրեմիերան: Ճգնաւորեանը ներկայ է գտնւել բեմադրութեանը։

Նա դահլիճում նստած համեստաբար յետեւում էր առաջնախաղին եւ միայն թատրոնի տնօրինութեան խնդրանքով ներկայացման աւարտից յետոյ բարձրացաւ բեմ ու վայելեց բուռն ծափահարութիւններն ու «բրաւօ» վանկարկումները։ Այս մասին է տեղեկացնում հայաստանեան մամուլը:

Ճգնաւորեանը պատմել է, որ վաղ տարիքից ներշնչւած է եղել պարսիկ դասական գրող Ֆիրդուսիի «Ռոստամ եւ Սոհրաբ» էպոսով։

«Ռոստամի եւ Սոհրաբի պատմութեանը մանկուց եմ սիրահարւած։ Միշտ եմ ցանկացել օպերա գրել, բայց ուժ չունէի։ Աւարտեցի Վիեննայի ակադեմիան, վերադարձայ Պարսկաստան եւ 1961 թւականին սկսեցի այդ նախագիծը։ Վաթսունհինգ տարի անցաւ, մինչեւ օպերան բեմադրւեց։ Գաղափարը ծագեց 65 տարի առաջ, բեմադրւում է 65 տարի յետոյ։

«Ութ տարբերակ եմ գրել։ Երբ Պարսկաստանում սկսեցի գրել, պահանջ զգացի, որ մի մեծ վարպետի ցոյց տամ այն եւ խորհրդակցեմ նրա հետ։ Այն ժամանակ մտածեցի գնալ Ստրասբուրգ՝ միջազգային ճանաչում ունեցող մեծ կոմպոզիտոր Կառլ Օրֆի մօտ։ Երբ հանդիպեցի նրան, լսեց օպերայի մի քանի հատւած ու առաջարկեց մնալ Ստրասբուրգում եւ աւարտել օպերան։ Ուսանող էի, չէի կարող մնալ, իսկ նա ինձ ասաց, որ Ստրասբուրգում մնալու մէկ տարւայ ծախսը հոգացել են։ Ասաց՝ գնայ, նստի, օպերան գրի։ Զարմանալի է, չէ՞։ Դժւար օպերա էր»,-ասել է նա:

Օպերան կոնցերտային տարբերակով մի քանի անգամ կատարել է Վիեննայում, Անգլիայում, Մեքսիկայում, Հայաստանում, բայց այն երբեք չի բեմադրւել։

Բեմադրութեան ռեժիսորն ու պարային լուծումներն իրականացրել է իրանցի Եարթա Եարանին, ով ներկայացրել է հօր եւ որդու՝ Ռոստամի ու Սոհրաբի ողբերգական առճակատումը՝ մինիմալիստական, բայց իւրօրինակ մօտեցումներով՝ պահպանելով պատմութեան յուզական լարումը։

Օպերայում Ռոստամի կերպարը մարմնաւորել է Արման Առաքելեանը, Սոհրաբի դերում հանդէս է եկել ՀՀ վաստակաւոր արտիստ Պերճ Քարազեանը, Թահմինէին մարմնաւորել է Լուսինէ Մակարեանը, Ֆիրդուսիի դերում եղել է Ռոման Խնկոյեանը։

Ներկայ են եղել ՀՀ, ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Սոբհանին եւ ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար եւ  նախարարի տեղակալները:

Մինչ ներկայացման սկիզբը Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծեց, որ իր համար մեծ պատիւ է ներկայ լինել առաջնախաղին։ «Այսօր Իրանի եւ Հայաստանի մշակութային յարաբերութիւնների համար պատմական օր է։ Ես եկել եմ այստեղ իմ յատուկ շնորհակալութիւնը յայտնելու մաեստրօ Լորիս Ճգնաւորեանին, սակայն նա իմ շնորհաւորական կամ շնորհակալական խօսքի կարիքը չունի, քանի որ անցել է նւաճումների տարբեր փուլերով ու շատ ձեռքբերումներ ունի։ Մայեստրօ Ճգնաւորեանն Իրանի եւ Հայաստանի, Իրանի եւ աշխարհի միջեւ մշակութային կամուրջ է ստեղծել։ Նա միայն իրանցի եւ հայ ժողովդին չի պատկանում, պատկանում է ամբողջ աշխարհին, եթէ  ես քաղաքականութեան ոլորտում եմ դեսպան, ապա Լորիս Ճգնաւորեանը մշակոյթի եւ խաղաղութեան դեսպանն է աշխարհում։ Նա մեր պարծանքն է, եւ ես շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակւել ներկայ լինել «Ռոստամ եւ Սոհրաբ» օպերայի առաջնախաղին»,-ասաց Սոբհանին՝ առողջութիւն եւ յաջողութիւններ մաղթելով Ճգնաւորեանին։ 

Ելոյթի վերջում դեսպանը հայերէն շեշտեց. «Կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ՛ Իրանը»։

Ներկայացումը բեմում էր նաեւ ապրիլի 1-2-ին։